Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2008 թվական)

Նախաբան

2008 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը պահպանել է զարգացման ու աճի միտումները և տարվա վերջին ծագած դժվարությունների պայմաններում դրսևորել բարձր ճկունություն: Չնայած համաշխարհային ֆինանսական շուկայի խառնաշփոթին, տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում ֆինանսական համակարգը շարունակել է զարգանալ նախորդ տարի գրանցված աճի տեմպերով: Համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունները Հայաստանի ֆինանսական համակարգ են ներթափանցել միայն տարվա չորրորդ եռամսյակում, երբ տնտեսական աճի տեմպերը զգալի նվազել են իրական հատվածի գրեթե բոլոր ճյուղերում: Տարվա ընթացքում ՀՀ մակրոտնտեսական զարգացումները փոքր-ինչ տարբեր են եղել` առաջին 3 եռամսյակներում պահպանվել են երկնիշ տնտեսական աճի՝  նախորդ տարիներին դրսևորված միտումները, բնակչության եկամուտների աճի մակարդակը, արտաքին առևտրի ծավալները, իսկ չորրորդ եռամսյակում տնտեսական աճը դանդաղել է: Արդյունքում՝ 2008 թվականի տնտեսական աճը կազմել է 6.8%՝ կրկնակի զիջելով նախորդ տարվա երկնիշ` 13.7%, ցուցանիշը: Կտրուկ նվազել է շինարարության ծավալների աճը` հիմնականում պայմանավորված մասնավոր ֆինանսավորման սահմանափակությամբ և պետական հատկացումների կրճատմամբ:

2008 թվականին նվազել են մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը (հատկապես չորրորդ եռամսյակում), բնակչության եկամուտների աճի տեմպերը և ավելացել են անորոշությունները տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ: Բնակչության եկամուտների աճի տեմպերի նվազումը նպաստել է նաև ծառայությունների ոլորտի աճի տեմպի անկմանը: 2008 թվականին դանդաղել են ֆինանսական միջնորդության խորացման՝ նախորդ տարիներին դրսևորված միտումները: Բանկային համակարգի ակտիվների և տրամադրված վարկերի կշիռները ՀՆԱ-ում ավելացել են 3.6 և 3.9 տոկոսային կետերով՝ կազմելով համապատասխանաբար` 28.0% և 16.9%: Բանկային համակարգի ավանդներ/ՀՆԱ հարաբերությունը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 12.3%: Ֆինանսական միջնորդության խորացմանը խոչընդոտել են վերջին եռամսյակում Հայաստան ներթափանցած բացասական սպասումներն ու ճգնաժամի ազդեցությունները:

Բանկային համակարգը շարունակում է գերակա դիրք ունենալ ֆինանսական համակարգում՝ բանկային հաստատությունների ակտիվները կազմում են ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը: 2008 թվականին բանկային համակարգի հատկանշական դրսևորումներից են եղել.

  • Տնտեսության վարկավորման աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն դեռևս շատ բարձր է` 51%:
  • Բանկային համակարգի զուտ արտաքին ակտիվները, վարկավորման աճի պարագայում, շարունակել են նվազել և տարեվերջին կազմել են բացասական 147 մլրդ դրամ մեծություն:
  • Դրամի արժեզրկման սպասումների հետևանքով դոլարայնացման մակարդակը կտրուկ մեծացել է (ընդ որում՝ միայն չորրորդ եռամսյակում). դրամային ակտիվների տեսակարար կշիռը նվազել է 3.4 տոկոսային կետով, դրամային պարտավորությունների կշիռը` 6.8 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար` 60.6 % ու 44.9%:
  • Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա և զարգացումների վերաբերյալ անորոշությունները` առևտրային բանկերը խստացրել են վարկավորման պայմանները, որը ևս նպաստել է վարկերի աճի տեմպերի նվազմանը:
  • Նախորդ տարվա վերջի համեմատ չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի մեջ աճել է 2.0 տոկոսային կետով և կազմել 4.4%:

Հայաստանի բանկային համակարգը կարողացել է տարվա ընթացքում ավելացնել կապիտալի մեծությունը` ի հաշիվ կանոնադրական կապիտալի համալրման և տարվա շահույթի: