Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2009 թվական)
Նախաբան
2009 թվականը ՀՀ ֆինանսական համակարգի համար լի էր ֆինանսատնտեսական ճգնաժամից բխող մարտահրավերներով: Համաշխարհային ճգնաժամի բացասական ազդակները Հայաստանի ֆինանսական համակարգ էին ներթափանցել դեռ 2008 թվականի չորրորդ եռամսյակից, երբ տնտեսական աճի տեմպերը զգալի նվազել էին իրական հատվածի գրեթե բոլոր ճյուղերում: Իրականացնելով ՀՀ ֆինանսական համակարգի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության մեղմման քաղաքականություն` 2009 թվականին ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության գերակա խնդիր համարեց գների և ֆինանսական համակարգի կայունության հիմնահարցերի զուգորդումը: Ազգային արժույթի արժեզրկման ճնշումների, դրամային ավանդները դոլարայինով փոխարինելու հետևանքով բանկային համակարգում հավանական էր դարձել արտարժութային իրացվելիության և կապիտալի բավարարության հետ կապված ռիսկերի դրսևորում: Այդ ռիսկերը չեզոքացնելու նպատակով, ԿԲ-ն տարեսկզբին (հունվար և փետրվար ամիսներին) մեծացրեց միջամտությունն արտարժույթի շուկայում` փորձելով կայունացնել փոխարժեքը: Միաժամանակ, ԿԲ-ն բավականաչափ ակտիվ էր ֆինանսական շուկայում` հնարավորություն տալով բանկերին ամրացնել իրենց ֆինանսական դիրքերը և դիմագրավել համաշխարհային ճգնաժամից բխող ճնշումներին: Մարտի սկզբին, երբ ֆինանսական համակարգը բավարար կապիտալացված էր, իրացվելի և պատրաստ դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին, ԿԲ-ն դադարեցրեց ակտիվ միջամտությունն արտարժույթի շուկայում: Արդյունքում՝ ազգային արժույթի փոխարժեքը մարտին ճշգրտվեց արժեզրկման ուղղությամբ, և տարվա կտրվածքով ՀՀ դրամի միջին անվանական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց 18.8%-ով (իսկ 2009 թ. վերջին, 2008 թ. վերջի համեմատ՝ 19.4%-ով):
Ազգային արժույթի զգալի արժեզրկումը, զուգորդվելով տնտեսական անկմամբ, ինչպես նաև տրանսֆերտների և գործոնային եկամուտների նվազմամբ, բանկային համակարգում որոշակի մեծացրեց ռիսկերով պայմանավորված ծախսերի մակարդակը: Հատկանշական է սակայն, որ ամբողջ տարվա ընթացքում ռիսկերը, այնուամենայնիվ, պահպանվել են կառավարելի շրջանակներում, և բանկային համակարգը իրացվելիության և անվճարունակության խնդիրներ չունեցավ: Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգը, չունենալով կարճաժամկետ արտաքին պարտավորություններ, չկանգնեց տնտեսությունից միջոցների արտահոսքի խնդրի առջև: Կենտրոնական բանկի և ֆինանսական ինստիտուտների կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում Հայաստանում որևէ ֆինանսական հաստատություն (նաև ոչ բանկ) անվճարունակության խնդիր չունեցավ: ՀՀ ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 92%-ը: Բանկային համակարգի զարգացումների առանձնահատկությունների տեսանկյունից՝ տարին կարելի է բաժանել երկու կիսամյակի: Տարվա առաջին կիսամյակը բանկային համակարգի համար հիմնականում նորաթափանց ճգնաժամի ռիսկերի գնահատման, դիրքերի ճշգրտումների և զսպման մեխանիզմների մշակման ժամանակահատված էր: 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում և՛ բանկային համակարգը, և՛ վարկառուները զգուշավոր վարքագիծ դրսևորեցին` պասիվացնելով վարկային շուկայի գործունեությունը: Արդյունքում՝ առաջին կիսամյակում արձանագրվեց տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալի 1%-ով նվազում:
Հատկանշական է նաև, որ տարվա առաջին կեսին վատորակ վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ» և «կասկածելի» դասերի վարկերը) տեսակարար կշիռը հասավ մինչև 10%-ի: 2009 թվականի երկրորդ կիսամյակից արդեն վարկային շուկան էապես աշխուժացավ (տարվա կտրվածքով ապահովեց տնտեսությանը տրամադրված վարկերի 14% աճ)` ինչին նպաստեցին բանկերի և վարկառուների շրջանում վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումների ձևավորումը, ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը և պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը: Տարվա երկրորդ կեսին էապես լավացավ նաև վարկերի որակը, և վատորակ վարկերի տեսակարար կշիռը նվազելով` տարեվերջին արդեն կազմեց 4.8%:
Վարկային շուկայում 2009 թվականի հատկանշական դրսևորումներից էր վարկերի կառուցվածքի փոփոխությունը, ըստ որի՝ 2009 թվականին վարկավորումը գերազանցապես տրամադրվել է իրավաբանական անձանց` մեծացնելով վարկային պորտֆելում վերջիններիս տեսակարար կշիռը, ինչն իր հերթին նպաստեց 2009 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսության ակտիվացմանը: Կարևորվում է նաև այն հանգամանքը, որ 2009 թվականի ընթացքում բանկային համակարգի վարկային ներդրումների (ներառում է նաև լիզինգը, ֆակտորինգը, վարկային ռիսկ պարունակող այլ միջոցները) ծավալը գրեթե նույնչափ էր, որքան 2008 թվականին, և կազմում էր մոտ 970 մլրդ դրամ: Սակայն քանի որ նախորդ՝ 2007 և 2008 թվականների ընթացքում բանկային համակարգը արձանագրել էր վարկային ներդրումների կտրուկ աճ և, հետևաբար, 2009 թվականին, նախորդ տարվա համեմատ, բավականաչափ մեծացել էր վարկերի մարումների ծավալը, ապա հաշվետու տարվա ընթացքում վարկային ներդրումների աճը (տեղաբաշխված և մարված վարկային միջոցների տարբերություն) զիջեց 2008 թվականի համապատասխան աճին` կազմելով 156 մլրդ դրամ (2008 թվականին աճը կազմել է 202 մլրդ դրամ): Տարվա առանձնահատուկ դրսևորումներից էր նաև դոլարայնացման մակարդակի կտրուկ բարձրացումը. բանկային համակարգի դրամային ակտիվների և պարտավորությունների տեսակարար կշիռները նվազել են 12.5-ական տոկոսային կետերով` համապատասխանաբար կազմելով 46.9% և 32.4%: Ընդհանուր առմամբ, բազմապիսի մարտահրավերների ներքո 2009 թվականին ՀՀ բանկային համակարգը պահպանել է զարգացման ու աճի միտումները և ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում դրսևորել բարձր ճկունություն:
Բանկային համակարգը ապահովել է ակտիվների 29.5% աճ, կապիտալի 18.2% աճ, ինչպես նաև, թեպետ ցածր, բայց այնուամենայնիվ շահութաբերության մակարդակ (շահութաբերությունն ըստ ակտիվների կազմել է 0.74%, ըստ կապիտալի` 3.43%): Բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2009 թվականին բավականին բարձրացել է, սակայն դեռևս զիջում է ԱՊՀ շատ երկրների նույն ցուցանիշին: Բանկային համակարգի ակտիվների աճին զուգընթաց, տնտեսությունում արձանագրվել է անվանական ՀՆԱ-ի նվազում, ինչի արդյունքում բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2009 թվականին ավելացել է 13.8 տոկոսային կետով՝ կազմելով 41.9%: Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ավելացել է 5.3 տոկոսային կետով և կազմել 22.2%: 2009 թվականին ՀՀ կենտրոնական բանկը մի շարք միջոցներ է ձեռնարկել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա ճգնաժամի ազդեցության մեղմման ուղղությամբ: Կենտրոնական բանկը իրականացրել է բանկային, արժեթղթերի, ապահովագրության շուկաների ներդաշնակ զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակական աշխատանքներ` նպատակ ունենալով ապահովել ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը, վճարահաշվարկային համակարգի կատարելագործումը և ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: