Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2011 թվական)

Նախաբան

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից բխող մարտահրավերները 2009 և 2010 թթ. Հայաստանի ֆինանսական համակարգում էական ցնցումներ չառաջացրին: 2010 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը գրեթե վերականգնեց մինչ ճգնաժամային եկամտաբերության մակարդակը: 2010 թ. շարունակվեցին դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակից ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացված վարկավորման ծրագրերը: Նշված վարկավորման ծրագրերը, 2009 թ. իրականացրած հակաճգնաժամային ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, դրամի արժեզրկման դրսևորումները և միջազգային շուկաներում գների աճը 2010 թ. տարեսկզբից տնտեսությունում ձևավորեցին գնաճային միջավայր:

Եվ չնայած այս պայմաններում Կենտրոնական բանկը 2010 թ. տարեսկզբից խստացրեց դրամավարկային քաղաքականությունը, այնուամենայնիվ վարկավորման առաջարկի մեծացման արդյունքում տարվա ընթացքում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքները դրսևորեցին նվազման միտումներ: ՀՀ ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 91%-ը:

ՀՀ բանկային համակարգը, դիմակայելով դեռևս նախորդ տարվա ճգնաժամային մարտահրավերներին, արդեն 2010 թ. վերանայեց և ակտիվացրեց վարկավորման քաղաքականությունը: Վարկավորման ակտիվացումը զուգորդվել է տարվա ընթացքում վարկերի որակի լավացմամբ: Բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2010 թվականին բավականին բարձրացել է, սակայն դեռևս զիջում է ԱՊՀ շատ երկրների նույն ցուցանիշին: Բանկային համակարգի ակտիվների աճի տեմպը գերազանցել է անվանական ՀՆԱ-ի աճի տեմպը, ինչի արդյունքում բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2010 թվականին ավելացել է 2.6 տոկոսային կետով` կազմելով 44.5%: Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ավելացել է 3.3 տոկոսային կետով և կազմել 25.3%:

2010 թվականին ՀՀ բանկային համակարգը պահպանել է զարգացման ու աճի միտումները և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից բխող հետևանքների ներքո դրսևորել բարձր ճկունություն: Բանկային համակարգը 2010 թ. ապահովել է ակտիվների 17.7% աճ, կապիտալի 14.6% աճ և շահութաբերության բարձր մակարդակ (շահութաբերությունն ըստ ակտիվների կազմել է 2.2%, ըստ կապիտալի` 10.7%): 2010 թվականին Կենտրոնական բանկը իրականացրել է բանկային, արժեթղթերի, ապահովագրության շուկաների համահունչ զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակական աշխատանքներ` նպատակ ունենալով ապահովել ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը, բնականոն զարգացումը և կատարելագործել վճարահաշվարկային համակարգը:

2010 թ. իրականացված կարևորագույն բարեփոխումներից է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին այսուհետև կտրվի պատշաճ փոխհատուցում: Համակարգը կխթանի նաև ընդհանուր ապահովագրական շուկայի զարգացումը` ընդլայնելով մատուցվող ծառայությունները, բարձրացնելով առաջարկվող ծառայությունների որակը և գործընթացների արդյունավետությունը:

2010 թ. ընդունվեց կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթը, որի հիման վրա Հայաստանում 2011 թվականից կներդրվի կամավոր, իսկ 2014 թվականից` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Այս բարեփոխումներն ունեն մեծ սոցիալական նշանակություն և ուղղված են բնակչության պատշաճ կենսամակարդակի պահպանմանը նաև կենսաթոշակի անցնելուց հետո:

2010 թ. Կենտրոնական բանկը շարունակել է ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի արդիականացմանը, ֆինանսական համակարգի վերահսկողությանը, սպառողների շահերի պաշտպանությանն ու հասարակության տարբեր նպատակային խմբերի տնտեսագիտական և ֆինանսական կրթմանը նպատակաուղղված լայնածավալ միջոցառումների իրականացումը: