Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2013 թվական)

Նախաբան

Հայաստանի ֆինանսական համակարգը 2013 թվականին շարունակել է ցուցաբերել դինամիկ աճի միտումներ` նպաստելով տնտեսության իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների և ծառայությունների հասանելիության ընդլայնմանը: Ֆինանսական համակարգի ակտիվներն աճել են մոտ 20%-ով և կազմել համախառն ներքին արդյունքի 77.1%-ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.5 տոկոսային կետով: Ֆինանսական միջնորդության խորացմանը զուգընթաց բանկերի միջև մրցակցության ավելացման պայմաններում պահպանվել են նաև վարկերի տոկոսադրույքների նվազման և ավանդների տոկոսադրույքների աճի միտումները` հանգեցնելով տոկոսադրույքի սպրեդի նվազման:

Ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ոլորտում Կենտրոնական բանկը շարունակել է աշխատանքներ իրականացնել ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման արդիականացման, ֆինանսական վերահսկողության արդյունավետության բարձրացման և սպառողների շահերի պաշտպանության ու հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման ուղղություններով:

2013 թվականին Կենտրոնական բանկը նախաձեռնել է Բազել III ստանդարտի ներդրման ուղղությամբ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի փոփոխության նախագծեր, իրականացրել ֆինանսական հաստատությունների` ռիսկերի վրա հիմնված վերահսկողական համակարգի հիմնադրույթների նախագծման աշխատանքներ: 2013 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները շարունակել են ապահովել ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, վարկեր, պարտավորություններ, ավանդներ, կապիտալ և այլն) կայուն աճի միտումները: