Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2014 թվական)

Նախաբան

Հայաստանի ֆինանսական համակարգը 2014 թվականին եղել է բավականին ակտիվ՝ տնտեսության իրական հատվածի համար ապահովելով ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնում ու մատչելիության ավելացում: Տարվա ընթացքում ֆինանսական համակարգի ակտիվներն աճել են 15%-ով և կազմել համախառն ներքին արդյունքի 83.8%-ը (նախորդ տարվա համեմատ ավելացել են 6.7 տոկոսային կետով): Ֆինանսական միջնորդության խորացմանը զուգընթաց բանկերի միջև մրցակցության ավելացման պայմաններում պահպանվել են վարկերի տոկոսադրույքների նվազման և ավանդների տոկոսադրույքների ավելացման միտումները` հանգեցնելով տոկոսադրույքի սպրեդի նվազմանը:

Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների խորացման հետևանքով տարվա չորրորդ եռամսյակում տեղի է ունեցել ՀՀ տնտեսության հիմնարարներից բխող՝ դրամի կտրուկ արժեզրկում, որը նպաստել է ֆինանսական կայունությունը վտանգող ռիսկերի ավելացմանը: Ստեղծված իրավիճակում ֆինանսական համակարգը ցուցաբերել է ռիսկերի կլանման բարձր ունակություն՝ բավականաչափ արագ հարմարվելով նոր ձևավորվող տնտեսական իրավիճակին:

Կենտրոնական բանկը շուկայական իրավիճակի փոփոխությանը արձագանքել է դրամավարկային քաղաքականության և վերահսկողական գործիքների կիրառման ճկուն համադրության ապահովմամբ՝ նպատակ ունենալով պահպանել գների և ֆինանսական համակարգի կայունությունը: Ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ոլորտում Կենտրոնական բանկը շարունակել է իրականացնել ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման արդիակա- նացման, ֆինանսական վերահսկողության արդյունավետության բարձրացման և սպառողների շահերի պաշտպանության ու հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման աշխատանքներ:

2014 թվականին Կենտրոնական բանկը նախաձեռնել է Բազել III ստանդարտի ներդրմանը առնչվող իրավական ակտերի փոփոխության նախագծեր և իրականացրել ֆինանսական հաստատությունների՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողական համակարգի ներդրման աշխատանքներ: