Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2017 թվական)
Նախաբան
2017 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման հեռանկարների ներքո ֆինանսական համակարգը ընդլայնել է ֆինանսական միջնորդության ծավալներն ու շրջանակները: Ֆինանսական համակարգի միջնորդությունը բնութագրող ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության և վարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 91.4% և 49.8%: Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգում արձանագրվել է հաշվեկշռային ամփոփ ցուցանիշների զգալի աճ: Վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների ամփոփ ցուցանիշները ևս դրսևորել են կայուն աճի միտումներ:
Հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը: Բանկային համակարգի կայունությունը բնութագրող կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները շարունակում են պահպանվել պահանջվող նվազագույն սահմանաչափերից բարձր: 2017 թվականի վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմել է 18.6%1 , իսկ ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 32.1% և 141.7%2 : Ֆինանսական համակարգի կայունության խնդրից ելնելով՝ Կենտրոնական բանկը շարունակել է նաև կարգավորման և վերահսկողության կատարելագործման աշխատանքները:
Կարգավորման դաշտի փոփոխությունները հիմնականում բխել են նոր Սահմանադրության և միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանեցման պահանջներից: Կենտրոնական բանկը, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, իրականացրել է հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների վարվելակերպի կարգավորման և վերահսկողության մի շարք միջոցառումներ: