ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2013 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ ընթերցող

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որի կառուցվածքը հիմնականում բխում է Կենտրոնական բանկի խնդիրների տրամաբանությունից: Հաշվետու տարում ՀՀ կենտրոնական բանկը իր գործունեությունն իրականացրել է՝ խստորեն հետևելով նախապես հրապարակված ռազմավարությանը և դրանով ամրագրված տեսլականին, արժեքներին ու նպատակներին: Այդ առումով մշտապես ձգտել ենք բարձր պահել Հայաստանի Հանրապետությունում գների, ինչպես նաև ֆինանսական կայունության երաշխավորի մեր հեղինակությունը: Առաջնորդվել ենք տնտեսության կայուն զարգացման ապահովման և միջազգային շուկաներին ինտեգրվելու հեռանկարով, ձգտել ենք ունենալ ֆինանսական ծառայությունների ոլորտում տարածաշրջանային կարևոր դերակատարում:

Գների կայունության ապահովման խնդրի ներքո ՀՀ կենտրոնական բանկը վարել է միկրոմիջավայրին համահունչ հակացիկլային քաղաքականություն: Օգոստոսին Կենտրոնական բանկի խորհուրդը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ արձագանքելով էներգակիրների սակագների բարձրացման երկրորդային ազդեցություններին և դրանց արդյունքում ձևավորված գնաճային սպասումներին: Այնուհետև, տարեվերջին, գնաճի տեմպերի նվազմանը և տնտեսական ակտիվության դանդաղման զուգընթաց, Կենտրոնական բանկը աստիճանաբար մեղմել է դրամավարկային պայմանները:

Տարվա ձեռքբերումներից է ֆինանսական կայունության ամրապնդումը և տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդության աճը: Ֆինանսական համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, իսկ վերջինիս հիմնական ցուցանիշների աճի արդյունքում 2013 թվականին տնտեսությունում շարունակել է խորանալ իրական և ֆինանսական հատվածների ինտեգրումը: Ֆինանսական ակտիվների մեծությունը տարեվերջին կազմել է համախառն ներքին արդյունքի 77.1%-ը ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.1 տոկոսային կետով:

Տարին պատմական էր նաև ազգային արժույթի ներդրման 20-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներով, հոբելյանական իրադարձություններով: 2013 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը տոնեց ազգային արժույթի՝ դրամի ներդրման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում հայկական դրամը հետևողականորեն ենթարկվել է լուրջ որակական փոփոխությունների դառնալով ժամանակակից և առավել պաշտպանված արժույթ:

Հաշվետու տարում ՀՀ կենտրոնական բանկը իր գործունեությունն իրականացրել է որդեգրված արժեքներին և ռազմավարությանը համապատասխան և բոլոր ձեռքբերումները բանկի անձնակազմի կատարած միասնական՝ թիմային աշխատանքի արդյունքն են:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան