ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2014 թվական)

Ուղերձ

Հարգելի ընթերցող

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը, որը համառոտ ամփոփում է հաշվետու տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունն ու գրանցված հիմնական արդյունքները՝ ելնելով ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներից և ռազմավարությունից:

Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակն էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակման նվազեցման քաղաքականությունը: Սակայն տարեվերջի արտաքին ցնցումներով պայմանավորված զարգացումները կիրառվող դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերանայման պատճառ դարձան՝ պահանջելով արագ իրավիճակային լուծումներ, որոնց նպատակն է կարճաժամկետ հատվածում մեղմել ցնցումների ազդեցությունը: Կարելի է արձանագրել, որ ժամանակին և տվյալ իրավիճակին համապատասխանող պայմաններով կիրառված գործիքների շնորհիվ հնարավոր եղավ զսպել ֆինանսական շուկայի լարվածությունը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացը ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:  Արդյունքում հնարավոր եղավ արդյունավետորեն կառավարել գնաճը. տարեվերջին այն գտնվել է թիրախին մոտ՝ կազմելով 4,6%:

2014 թվականի արտաքին ցնցումները մարտահրավեր էին նաև ֆինանսական համակարգի համար, քանի որ այն իր վրա կրեց այդ ցնցումների ազդեցության հետևանքներից բխող ծախսերի հիմնական բեռը: Այնուամենայնիվ, ֆինանսական համակարգը,ցուցաբերելով ցնցումներին դիմակայելու իր ունակությունը, ապահովել է դրական արդյունքներ`իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանման գործում: Տարվա ընթացքում շարունակվել են տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը աճել է համապատասխանաբար 5.7 և 6.1 տոկոսային կետով: Տարեվերջին ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 82.8%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը`48.9%` գերազանցելով տարածաշրջանի մի շարք երկրների ցուցանիշները: Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ շարունակել է աջակցել սոցիալական վարկային ծրագրերի, մասնավորապես` հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերի իրականացմանը: 

Ապահովագրական ոլորտի զարգացումներում հատկանշական է 2014 թվականի ավտոապահովագրության միասնական պատուհանի (ԱԱՄՊ) ներդրման աշխատանքների մեկնարկը (ԱԱՄՊ-ը բազմալեզու վեբ- հարթակ է` հանրային կամ մասնավոր մուտքի հասանելիությամբ, որը համակարգի օգտագործողներին նարավորություն է տալիս ունենալու ԱՊՊԱ պայմանագրերի կնքման, պատահարների և հատուցման կառավարման ողջ գործընթացի համար մեկընդհանուր էլեկտրոնային միջավայր): 2014 թվականին ՀՀ կենտրոնական բանկի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գրավականը բանկի անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձր մակարդակն ու թիմային աշխատանքն են:

 

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան