ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2012 թվական)
Ուղերձ
Հարգելի՛ ընթերցող
Ձեզ ենք ներկայացնում 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այն համառոտ ամփոփում է տարվա ընթացքում գների ֆինանսական կայունության ապահովման, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի առջև դրված այլ խնդիրների իրագործման արդյունքները:
Տարին հաջող էր թե՛ գների կայունության, թե՛ ֆինանսական կայունության առումով:
2012 թվականի կարևորագույն ձեռքբերումներից մեկը մակրոտնտեսական կայունության ապահովումն էր, որը բարենպաստ միջավայր է ստեղծել առաջիկա տարիների տնտեսական աճի համար: Հաշվետու տարում արձանագրվել է 3.2% գնաճ. ուղղորդված քաղաքականության և հասարակության շրջանում գնաճային սպասումների խարսխման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է գնաճը կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ:
Միկրոմիջավայրի կայունացումը դրական ազդեցություն ունեցավ նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման վրա: Հայաստանի ֆինանսական համակարգը, լինելով ոչ մեծ, բայց դինամիկ զարգացող, արդեն իսկ ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: 2012 թվականը հատկանշական էր տնտեսության իրական և ֆինանսական համակարգի ակտիվների ինտեգրման բարձր տեմպերով: Ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը տարեվերջին կազմել է համախառն ներքին արդյունքի 68%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 41%-ը, որոնք 2011 թվականի համեմատ ավելացել են 9-ական տոկոսային կետով:
Հաշվետու տարում Արժույթի միջազգային հիմնադրամի և համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվել է «Ֆինանսական համակարգի գնահատման ծրագիրը»: Ծրագրի առաքելության կողմից ամփոփվել են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատականները և տրվել արժեքավոր առաջարկներ, որոնց զգալի մասն արդեն իսկ իրագործվել է: Առաքելության կողմից Հայաստանի ֆինանսական համակարգին և կայունության ապահովման գործընթացներին տրվել են գոհացուցիչ գնահատականներ (ըստ գնահատականների՝ Հայաստանի բանկային համակարգը բավականին կայուն է և ունակ՝ դիմակայելու հնարավոր ցնցումներին, իսկ ՀՀ կենտրոնական բանկում ներդրված է արդյունավետ վերահսկողական համակարգ, ինչպես նաև ճգնաժամերի կառավարման կենսունակ մեխանիզմ):
Ընդհանուր առմամբ 2012 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները ապահովել են դրական ֆինանսական արդյունքներ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան