ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2019 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ ընթերցող

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը: 2019 թվականին Կենտրոնական բանկը ապահովել է գների և ֆինանսական կայունության հիմնական նպատակները՝ նպաստելով մակրոտնտեսական կայունության հաստատման գործընթացին: Տարվա ընթացքում ամրապնդվել է գների կայունությունը։ Գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ տարեվերջին կազմելով 0.7 տոկոս։ Ցածր գնաճը նպաստել է գնաճային սպասումների խարսխմանը, ազգային արժույթի նկատմամբ վստահության ավելացմանը, ինչի մասին է վկայում նաև դոլարայնացման մակարդակի կայուն նվազումը: 2019 թվականին միջնաժամկետ հատվածում գնաճի թիրախի ապահովման նպատակով Կենտրոնական բանկը 2 անգամ նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ պահպանելով խթանող դրամավարկային դիրքը։ Այն փոխանցվել է նաև ֆինանսական շուկայի մյուս տոկոսադրույքներին, և մակրոպրուդենցիալ արդյունավետ քաղաքականության շնորհիվ ֆինանսական կայունության ռիսկեր չեն առաջացել: Ավելին՝ ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման գործընթացը շարունակվել է: Համակարգի մասնակիցները բավարար իրացվելի են, կապիտալացված և ունակ սպասարկելու տնտեսության պահանջարկը: Ֆինանսական համակարգի մասնակիցները տարին ամփոփել են դրական արդյունքներով և հիմնական ցուցանիշների աճով:

Տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը շարունակաբար ընդլայնվել է: Ֆինանսական համակարգի ակտիվների և ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն աճել է և կազմել 106.5%: Պահպանվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության աստիճանի բարձրացման միտումները: Կենտրոնական բանկը, ներգրավված լինելով հանրության ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացման ծրագրերում, շարունակել է նախաձեռնել հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ:

Կենտրոնական բանկն իր գործունեությունն իրականացրել է որդեգրած արժեքներին և ռազմավարությանը համապատասխան: Բոլոր ձեռքբերումները Կենտրոնական բանկի անձնակազմի միասնական աշխատանքի արդյունքն են:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան