ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2017 թվական)
Ուղերձ
Հարգելի՛ ընթերցող
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են Կենտրոնական բանկի 2017 թ. գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` գների և ֆինանսական կայունության ապահովման նպատակով իրականացված քաղաքականության արդյունքները:
2017 թվականին, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պայմաններում, Կենտրոնական բանկը շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեսկզբին նվազեցվել է 6.0 %-ի և մինչև տարեվերջ պահպանվել այդ մակարդակում: Տարվա ընթացքում Կենտրոնական բանկի քաղաքականության տոկոսադրույքի ցածր մակարդակը շարունակել է փոխանցվել պետական պարտատոմսերի, դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքներին՝ նպաստելով ներքին պահանջարկի աճին։ Արդյունքում արձանագրվել է ներքին պահանջարկի ընդլայնում, իսկ գնաճը տարվերջին կազմել է 2.6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:
Տնտեսական ակտիվության վերականգնումը, արտաքին հատվածից սպասվող եկամուտների կայունացումը և խթանող դրամավարկային քաղաքականությունը նպաստել են ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական միջնորդության ծավալների ու շրջանակների ընդլայնմանը: Բանկային համակարգն ապահովել է բոլոր հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով են տարին ամփոփել նաև վարկային կազմա կերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները: Հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը:
Ֆինանսական համակարգի կայունության խնդրի ներքո Կենտրոնական բանկը շարունակել է կարգավորման և վերահսկողության կատարելագործման աշխատանքները: Կարգավորման դաշտի փոփոխությունները հիմնականում ուղղված են եղել նոր Սահմանադրությանը դրա համապատասխանեցմանը, ինչպես նաև միջազգային լավագույն ստանդարտների փոփոխությունների տեղայնացմանը:
Ֆինանսական կայունության համատեքստում կարգավորման և վերահսկողության դաշտի միջոցառումները մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը զուգահեռ նպաստել են ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը: Բանկային համակարգը շարունակել է ապահովել բավարար կապիտալի համարժեքություն և իրացվելիության բարձր մակարդակ: Վարկային պորտֆելի որակի բարելավումը իր դրական ազդեցությունն է ունեցել բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության վրա: Ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտ պայմանների ապահովմանն է ուղղված Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակված և փորձարկման փուլում գտնվող «Ֆինանսական կրթման ներմուծումը դպրոցներում» ծրագիրը:
Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման առումով մշտապես կարևորվում է նաև աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործումը: Անձնակազմի շարունակական կրթության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը պարբերաբար ընդլայնում է համագործակցությունը միջազգային կառույցների, տարբեր երկրների կենտրոնական բանկերի և վերապատրաստման հեղինակավոր կենտրոնների հետ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան