ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2010 թվական)

Ուղերձ

Սիրելի՛ ընթերցող

2010 թվականը լի էր մարտահրավերներով և փորձություններով, սակայն ակնառու էին նաև ձեռքբերումներն ու համակարգային բարեփոխումները: Վերջին երկու-երեք տարիներին դրսևորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մարտահրավերները ստիպեցին վերանայել շատ երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի և նույնիսկ առանձին խոշոր գիտնականների մոտեցումներն ու որոշումները, վերափոխել դրանցում սահմանված նպատակների առաջնահերթությունները: Հայաստանի տնտեսությունը նույնպես զերծ չմնաց ճգնաժամի բացասական հետևանքներից և քաղեց իր դասերը: Հստակեցվեցին տնտեսության ուժեղ և թույլ կողմերը, և մենք համոզվեցինք, որ առանց տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների և արտադրողականության էական աճի հնարավոր չէ խուսափել արտաքին ցնցումների բացասական ազդեցություններից, ապահովել կայուն տնտեսական աճ և պահպանել ցածր գնաճային միջավայր:

Ճգնաժամի հետևանքները իրենց զգացնել տվեցին նաև 2010 թվականի մակրոտնտեսական քաղաքականության իրականացման ընթացքում: 2009 թվականին Կառավարության հետ համատեղ մշակված հակաճգնաժամային միջոցառումները հնարավորություն տվեցին առավելագույնս մեղմելու համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը: Այդուհանդերձ, տարեսկզբին Կենտրոնական բանկը կանգնեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեկ այլ հետևանքի` բարձր գնաճի զսպման խնդրի առջև, ինչը աշխարհում կանխատեսվում էր մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող բազմաթիվ մասնագետների կողմից: Մեր երկրում գնաճային միջավայրը պայմանավորող հիմնական գործոններ էին միջազգային շուկաներում գների աճը և նախորդ տարում իրականացված՝ տնտեսության աճին նպաստող ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները: Տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացման և ապադոլարայնացման համապատասխան միջոցառումների իրականացման շնորհիվ հաջողվեց տարվա առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը իջեցնել նպատակային միջակայք, սակայն տարվա երկրորդ կեսին ի հայտ եկան նոր մարտահրավերներ` գերազանցապես պայմանավորված պարենային ապրանքների միջազգային գների շեշտակի աճով և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների զգալի նվազմամբ:

Չնայած գնաճը պայմանավորված էր Կենտրոնական բանկից անկախ պատճառներով՝ առաջարկի շոկերով, այդուհանդերձ, մեր ջանքերը մշտապես ուղղված են եղել այդ ցնցումների հաղթահարմանը, և շուկայի այլ հատվածներ գնաճային ճնշումների ներթափանցման կանխարգելմանը: Կենտրոնական բանկը, լինելով ֆինանսական համակարգի զարգացման համար պատասխանատու մարմին, շարունակել է ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանակի ընդլայնման, մատուցվող ծառայությունների հասանելիության և բազմազանության ապահովման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը: Տարվա կարևոր նվաճումներից էր Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկը: Այն կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանում ապահովագրության մշակույթի ներդրման, այնպես էլ ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից: Մեկ այլ կարևոր ձեռքբերում եմ համարում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթի ընդունումը: Արդեն 2011 թվականից Հայաստանում կներդրվի կամավոր, իսկ 2014 թվականից` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Այս բարեփոխումները ունեն մեծ սոցիալական նշանակություն և ուղղված են բնակչության պատշաճ կենսամակարդակի պահպանմանը նաև կենսաթոշակի անցնելուց հետո:

Շարունակվել է սպառողների շահերի պաշտպանության և հասարակության տարբեր նպատակային խմբերի տնտեսագիտական և ֆինանսական կրթման լայնածավալ միջոցառումների իրականացումը: Իրականացված քաղաքականությունը իր արձագանքն է գտել նաև ֆինանսական համակարգի զարգացումներում: Վերականգնվել է նախաճգնաժամային մթնոլորտը ֆինանսական շուկաներում, էապես բարելավվել է մրցակցային միջավայրը ֆինանսական համակարգում, արձանագրվել է վարկավորման տոկոսադրույքների կայուն նվազում, սակայն, համակարգի աճի առումով, անելիքներ դեռ շատ կան: Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ չնայած 2011 թվականը նույնպես առանձնանալու է գնաճային ճնշումներով և մարտահրավերներով, այնուամենայնիվ Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկելու գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու ուղղությամբ: Կշարունակենք ֆինանսական հատվածի, մասնավորապես՝ կենսաթոշակային և ապահովագրական ոլորտների, արժեթղթերի շուկայի և ոչ բանկ ֆինանսական ինստիտուտների համակարգային բարեփոխումները:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան