Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2025 թվականի 2-րդ եռամսյակ - 2026 թվականի 1-ին եռամսյակ)
2025 թվականի 2-րդ եռամսյակից մինչև 2026 թվականի 1-ին եռամսյակը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ-ում 12-ամսյա գնաճն աստիճանաբար արագացել է: Դրան հիմնականում նպաստել են hամաշխարհային տնտեսությունից, հատկապես ներմուծվող պարենային ապրանքների մասով փոխանցվող գնաճային ճնշումները, ինչպես նաև տեղական պարենային ապրանքների գների աճը՝ մասամբ պայմանավորված մակնիշավորման գործընթացի ներդրմամբ: 2026 թվականի 1-ին եռամսյակում գնաճի արագացմանը նպաստել են նաև առողջապահական ծառայությունների գների որոշակի ավելացումը՝ պայմանավորված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պայմաններում էներգակիրների զգալի գնաճը, ինչը միայն մասամբ է արտացոլվել եռամսյակի ընթացքում: Դիտարկվող ժամանակահատվածում բնականոն գնաճը ևս արագացել է՝ ըստ ապրանքախմբերի աստիճանաբար կրելով ավելի համատարած բնույթ, ինչը կարող է վկայել նաև տնտեսությունում որոշակի ավելցուկային պահանջարկի առկայության մասին:
Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է բարձր տնտեսական աճ ու ակտիվություն՝ վերջին եռամսյակներում ցուցաբերելով արագացման միտում։ Այդուհանդերձ, աշխատաշուկայում անհաշվեկշռվածության թուլացման գործընթացը շարունակվել է՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի կայունացմամբ։ Այս պայմաններում գնաճային սպասումներն աստիճանաբար նվազել են՝ ժամանակահատվածի երկրորդ կեսից դրսևորելով կայունացման միտումներ: Ստեղծված իրավիճակում ԿԲ-ն շարունակել է կարգավորել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 0.25 տոկոսային կետով:
Արդյունքում՝ դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացման և հիմնականում առաջարկի գործոնների ազդեցության պայմաններում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ 2025 թ. մարտի 3.3%-ից 2026 թ. մարտին հասնելով 4.5%-ի: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է առավել արագ տեմպերով՝ 2.0%-ից հասնելով 4.7%-ի: