Սույն թվականի փետրվարի 28-ին ՖԱԹՖ-ի կողմից հրապարակվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի մասին ուղեցույց
Սույն թվականի փետրվարի 28-ին ՖԱԹՖ-ի կողմից հրապարակվել է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման ֆինանսավորման դեմ պայքարի մասին ուղեցույց, որտեղ ներկայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի ոլորտում ընդունված բանաձևերի ֆինանսական դրույթների կիրարկմանը ներկայացվող պահանջները:
Ուղեցույցը կոչված է նպաստելու հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ընդունված բանաձևերի ընկալմանը և կիրարկմանը:
Ուղեցույցն անդրադառնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում կիրառվող երկակի մոտեցմանը և ՖԱԹՖ հանձնարարականների ներքո պահանջվող գործողություններին: Դրանք են՝
- Ընդհանուր մոտեցում՝ 1540 բանաձևի (2004թ.) և դրան հաջորդող բանաձևերի ներքո, որն արգելում է ոչ պետական սուբյեկտների կողմից ԶՈԶ տարածման ֆինանսավորումը և երկրներից պահանջում է ունենալ վերահսկողության մեխանիզմներ ԶՈԶ տարածմանը նպաստող ապրանքների արտահանման կամ տեղափոխման նպատակով միջոցների կամ ծառայությունների տրամադրման նկատմամբ: Սույն մոտեցման ներքո գործող պարտավորությունները չեն հանդիսանում ՖԱԹՖ 7-րդ հանձնարարականի, վերջինիս բացատրական մեկնաբանության, ինչպես նաև Անմիջական արդյունք 11-ի մաս: Այդուհանդերձ, նշված դրույթները դիտարկվում են ՖԱԹՖ 2-րդ հանձնարարականի ներքո և վերաբերելի են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՖԱԹՖ-ի այլ հանձնարարականների համատեքստում:
- Անհատական մոտեցում 1718 բանաձևի (2006թ.), 2231 բանաձևի (2015թ.) և դրանց հաջորդող բանաձևերի ներքո, որը ներառում է Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺԺՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նկատմամբ ընդունված բանաձևերը:
ՄԱԿ-ի բանաձևերի պարբերական խախտումների հետևանքով ԿԺԺՀ-ի հետ կապված պատժամիջոցների բնույթը և շրջանակը ընդլայնվել է հետևյալ կերպ.
- հստակեցվել է սառեցման ենթակա «տնտեսական միջոցներ» տերմինը՝ ներառելով այնպիսի գույք, ինչպիսիք են նավերը,
- ընդլայնվել են ցուցակման չափանիշները՝ ի լրումն ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառելով նաև նախորդ կետում նշված գույքը,
- սառեցման պահանջի ներքո ներառվել են ԿԺԺՀ-ից դուրս գտնվող այնպիսի միջոցներ, այլ ֆինանսական կամ տնտեսական ռեսուրսներ, որոնք ուղղակի կամ անուղղակի պատկանում կամ վերահսկվում են ԿԺԺՀ կառավարական մարմինների կամ Կորեայի աշխատավորական կուսակցության կամ վերջինների անունից կամ ուղղորդմամբ գործող, նրանց պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող անձանց կողմից, որոնք կհամարվեն ԿԺԺՀ-ի միջուկային կամ բալիստիկ հրթիռային ծրագրերի կամ ՄԱԿ-ի բանաձևերով արգելված այլ գործողությունների հետ առնչություն ունեցող:
Մյուս կողմից, 2231 բանաձևի ընդունմամբ ՄԱԿ-ը հավանություն է տվել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (JCPOA), որով դադարեցվել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված նախկինում գործող բանաձևերի գործողությունը՝ միաժամանակ պահպանելով թիրախային ֆինանսական պատժամիջոցները 2231 բանաձևով ցուցակված առանձին անձանց նկատմամբ: Ընդ որում՝ 2231 բանաձևը չի վերացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից լրացուցիչ անձանց ցուցակելու հնարավորությունը:
Սույն մոտեցման ներքո գործող թիրախային ֆինանսական պատժամիջոցները կազմում են ՖԱԹՖ 7-րդ հանձնարարականի և Անմիջական արդյունք 11-ի մաս:
Ուղեցույցը հասանելի է անգլերեն լեզվով հետևյալ հղումով.