Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ

​Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին են ներկայացվել 2018թ. վերանայված ազգային ռիսկերի գնահատման արդյունքները, գործարքների/գործարար հարաբերությունների մերժման/դադարեցման կարգավորումները, պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունների ներկայացման նոր համակարգը, իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ:  Մասնակիցների հետ քննարկվել են նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման հետ:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: