Ֆինանսական կայունության հաշվետվություն (2022թ. տարեկան)
Ամփոփագիր
2022 թվականին աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված աճող անորոշությունների պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բնականոն ընթացքը։ Տարվա ընթացքում բանկային համակարգի կողմից վարկավորման աճի տեմպերը ընդհանուր առմամբ համահունչ են եղել տնտեսության իրական եկամուտների աճին։ Վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, որը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով։ Արձանագրված բարձր տնտեսական աճի պայմաններում բանկային համակարգը ապահովել է տնտեսության վարկավորման բնականոն ընթացքը, ինչը բարենպաստ է եղել տնտեսվարողների պարտքային բեռի և դրանից ածանցվող վարկային ռիսկի մեղմման առումով։ Բացառություն է հանդիսանում հիպոտեկային վարկավորման ոլորտը, որտեղ պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը՝ ընդլայնելով հիպոտեկային շուկայի գերտաքացման ռիսկերը։
2022 թվականին բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշների մասով արձանագրվել են էական բարելավումներ։ Նախորդ տարիներին արձանագրված ցածր շահութաբերության համեմատ դիտարկվող ժամանակահատվածում բանկային համակարգի շահութաբերությունը էականորեն բարելավվել է։ Շահութաբերության աճին հիմնականում նպաստել է ոչ տոկոսային եկամուտների աճը՝ պայմանավորված նոր հաճախորդների մեծ ներհոսքի արդյունքում վճարահաշվարկային և արտարժութային գործառնությունների ծավալների զգալի աճով: Աճ է գրանցվել նաև կապիտալի համարժեքության և համակարգի իրացվելիության ցուցանիշների մասով, որի արդյունքում զգալիորեն բարելավվել է նաև բանկային համակարգի կողմից կորուստների կլանման ունակությունը։
Նախորդ և դիտարկվող տարիներին բարձր գնաճային միջավայրով ու սպասումներով պայմանավորված քաղաքականության տոկոսադրույքի էական աճի պայմաններում առկա և նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճը հարաբերականորեն փոքր է եղել։ Արդյունքում, տոկոսադրույքների աճի հետևանքով վարկառուների պարտքային բեռի սպասարկման ծախսերի աճը չափավոր է եղել։ Վարկային տոկոսադրույքների հարաբերականորեն փոքր աճը պայմանավորված է հիմնականում բանկերի շահութաբերության, կապիտալազինվածության և իրացվելիության բարձր մակարդակով, որը հնարավորություն է ընձեռել բանկային համակարգին ձեռնպահ մնալ վարկերի տոկոսադրույքների մեծ չափով բարձրացումներից։ Ի լրումն, վարկային տոկոսադրույքների աճի մեղմմանը նպաստել են նաև բանկերի միջև առկա բարձր մրցակցությունը, որոշ վարկատեսակների գծով պահանջարկի կրճատումը, վարկային պորտֆելում լողացող տոկոսադրույքներով վարկերի հարաբերական փոքր տեսակարար կշիռը և տարվա ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցների ներհոսքը բանկային համակարգ։
Աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների միջավայրում տնտեսական ակտիվության ապագա հեռանկարի և, հետևաբար նաև տնտեսության պարտքային բեռի ապագա հնարավոր աճի ռիսկերը բարձր են գնահատվում։ Վերջին տարիներին տնտեսության եկամուտների աճը՝ զուգորդված վարկային պորտֆելում ցածր տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշռի և վարկային պարտավորությունների ժամկետայնության աճով, նպաստել է տնտեսության վարկային բեռի համեմատաբար ցածր մակարդակում պահպանմանը: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական աճող անորոշությունների, ներքին և արտաքին գնաճային միջավայրի պայմաններում տնտեսական ակտիվության ապագա հեռանկարի, ինչպես նաև քաղաքականության տոկոսադրույքի բարձր մակարդակում պահպանման ռիսկերը բարձր են գնահատվում։ Վերջինով պայմանավորված, բարձր են գնահատվում նաև տնտեսության պարտքային բեռի հնարավոր աճի և դրանից ածանցված վարկային կորուստների նյութականացման ռիսկերը։
Հիպոտեկային վարկերի և անշարժ գույքի շուկայում առկա են գերտաքացման ռիսկեր։ Վերջին տարիներին հիպոտեկային վարկերի բարձր աճի տեմպերը և անշարժ գույքի գների աճը փոխլրացրել են միմյանց, և թե՛ հիպոտեկային վարկային պորտֆելի թե՛ անշարժ գույքի գների մասով արձանագրվել են միջին տարեկան բարձր աճի տեմպեր։ Այս հանգամանքը, անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկերի առկայության ազդակ է հանդիսանում։ Համաձայն ԿԲ 2022թ.-ի տարեվերջի գնահատակաների, անշարժ գույքի գների գերարժևորման չափը, այն է` փաստացի գների շեղումը ֆունդամենտալ գնից կազմում է 16-22%:
Սթրես թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունակ է դիմակայելու սցենարներով ենթադրվող սթրեսային իրադարձություններին։ Համաձայն մակրո սթրես թեսթավորման արդյունքների, բանկային համակարգն ունի բավարար կապիտալի և իրացվելիության պաշարներ՝ դիմակայելու սցենարներով ենթադրվող սթրեսային իրադարձություններին։ Այնուամենայնիվ, աճող անորոշություններով պայմանավորված, համակարգային ցիկլային ռիսկերի նյութականացման հավանականությունը մնում է բարձր։ Այս պարագայում կարևորվում է առևտրային բանկերի կողմից հավասարակշռված և խելամիտ մոտեցումների կիրառումը ռիսկերի, կապիտալի, հաշվեկշիռների կառավարման և շահաբաժինների բաշխման գործընթացներում։
Կենտրոնական բանկի խորհուրդը բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերը։ Տարվա ընթացքում վարկային շուկայի զարգացումներից ածանցված ցիկլային ռիսկերը ընդհանուր առմամբ եղել են հավասարակշռված (ո՛չ թերագնահատված և ո՛չ էլ գերագնահատված), իսկ բանկային համակարգը բնութագրվել է շահութաբերության և կապիտալի համարժեքության բարձր մակարդակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պայմաններում կապիտալի կուտակման ծախսերը ցածր են, և բանկերի կապիտալիզացիայի մակարդակը բավարար է տնտեսության վարկավորման բնականոն տեմպերի պահպանման համար՝ Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարել բարձրացնել ԿՀԲ դրույքաչափը։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերի պահանջը բարձրացվել է երկու անգամ։ 2023 թվականի մայիսից առևտրային բանկերը պետք է բավարարեն կապիտալի հակացիկլիկ բուֆերի 1% դրույքաչափի, իսկ 2023 թվականի օգոստոսից 1.5% դրույքաչափի պահանջները:
2022 թվականի ապրիլից ուժի մեջ են պարտք/գրավի արժեք (loan-to-value) հարաբերակցության առավելագույն սահմանաչափի պահանջները։ Հիպոտեկային և անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկերի կուտակումը մեղմելու նպատակով ներդրվել և 2022թ. ապրիլից ուժի մեջ է պահանջ/գրավի արժեք (loan-to-value) հարաբերակցության առավելագույն սահմանաչափի մակրոպրուդենցիալ գործիքը։ Ընդ որում, ՀՀ դրամով վարկերի դեպքում առավելագույն շեմը սահմանվել է 90%, իսկ արտարժութային վարկերի դեպքում` 70%: Այս գործիքի դրույքաչափերը կարող են փոփոխվել՝ ի պատասխան հիպոտեկային շուկայում ռիսկերի հեռանկարի փոփոխություններին։