ՀՀ ԿԲ բանբեր (2003թ. 1-ին եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2003 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մակրոտնտեսական միջավայրին բնորոշ են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածներում արձանագրված միտումները: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամբողջական առաջարկի աճը փոքր-ինչ գերազանցել է դրամավարկային ծրագրով նախատեսված մակարդակը: Մյուս կողմից, հիմնականում պայմանավորված ներմուծման՝ ծրագրվածից բարձր աճով, ինչպես նաև պետական ծախսերի թերակատարումներով, ամբողջական պահանջարկի փաստացի աճը ծրագրվածից ցածր է եղել:
Համաձայն դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ անցած տարի արձանագրված բարձր տնտեսական աճը, մասնավորապես՝ բնակչության եկամուտների զգալի աճը պետք է իրենց ազդեցությունն ունենային 2003 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Նշված նկատառումներից ելնելով՝ 2003 թվականի առաջին եռամսյակի ծրագրով նախատեսվել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ապահովել իրական ՀՆԱ աճի 9.9%, ՀՆԱ դեֆլյատորի 104.0% և միջին սղաճի 4.5% ցուցանիշներ: Փաստացի արդյունքներով՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ իրական ՀՆԱ աճը և ՀՆԱ դեֆլյատորը քիչ են շեղվել ծրագրված մակարդակներից և կազմել են համապատասխանաբար 11.3% և 3.9%, իսկ եռամսյակի ընթացքում գրանցվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3.4% միջին սղաճ: