Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականի երկրորդ կիսամյակում

(2002/2) Տնտեսական միջավայրի բնութագիրը

Ըստ դրամավարկային քաղաքականության ծրագրի` 2002 թվականի առաջին կիսամյակում ակնկալվում էր նախորդ տարվա տնտեսական բարձր աճի շարունակական դրսևորում՝ 13.1% և աճի աստիճանական դանդաղում երկրորդ կիսամյակում, որի արդյունքում տարեկան աճը պետք է կազմեր 6%: Նշված ծրագրավորումը հետևանք էր 2001 թվականի երկրորդ կիսամյակում գրանցված տնտեսական մեծ աճի:

Իրականում տնտեսական աճի փաստացի ցուցանիշները զգալի շեղվել են ծրագրային մակարդակներից: Առաջին կիսամյակում իրական ՀՆԱ աճի տեմպը կազմել է 10.1%, իսկ երկրորդ կիսամյակում արագացել է և տարեկան կտրվածքով կազմել 12.9%: Տնտեսական աճի նման վարքագծի հիմնական պատճառը համախառն առաջարկի ընդլայնումն էր, որը արձանագրվել է տնտեսության բոլոր ճյուղերում, հատկապես արդյունաբերությունում և շինարարությունում:

Համախառն պահանջարկի իրական աճը նույնպես գերազանցել է ծրագրային մակարդակը, սակայն ավելի պակաս չափով: Ընդ որում, համախառն պահանջարկի աճին զգալիորեն նպաստել է հիմնականում արտահանվող ոչ սպառողական ապրանքների գծով զուտ արտաքին պահանջարկը: Նշված զարգացումները բնականաբար անդրադարձել են սղաճի ցուցանիշի վրա, և այն տարեկան ծրագրված մինչև 3%-ի պարագայում կազմել է 2%, իսկ ՀՆԱ դեֆլյատորը՝ 102.3%` 103.3%-ի փոխարեն:

Արտաքին հատվածում պահպանվել են առաջին կիսամյակում ձևավորված՝ ընթացիկ հաշվի լավացման միտումները՝ ավելի, քան ծրագրվել էր: Արդյունքում՝ ՀՆԱ-ում ընթացիկ հաշվի պակասուրդի տեսակարար կշիռը կազմել է 6.3%՝ ծրագրված 8.3%-ի փոխարեն:

Հարկաբյուջետային քաղաքականությունը, ապահովելով տարեկան հարկային եկամուտների ծրագրային մակարդակը, ունեցել է ծախսերի թերակատարում՝ նպատակային ծրագրերի նախատեսված ծավալների թերի ստացման պատճառով: Ուշացումով՝ դեկտեմբերի վերջին է ստացվել նաև ԿԲՎ-5-ի մասնաբաժինը, որի ծախսման մակրոտնտեսական ազդեցությունը կգրանցվի 2003 թվականին: Արդյունքում՝ գրանցված տնտեսական բարձր աճի պայմաններում, հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա չի ունեցել բավարար ընդլայնողական ազդեցություն:

Դրամավարկային քաղաքականության ընթացքը երկրորդ կիսամյակում առավելապես պայմանավորվել է սղաճի տարեկան ծրագրային ցուցանիշի ապահովման խնդրով: Մասնավորապես երրորդ եռամսյակում գրանցված ավելի քան 8% դեֆլյացիայի պայմաններում չորրորդ եռամսյակում փողի բազայի կառավարումը իրականացվել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի գերազանցմամբ: Իսկ տարվա կտրվածքով փողի առաջարկի կառավարումը եղել է բավարար ընդլայնողական՝ գրանցված բարձր տնտեսական աճի պայմաններում: