Ֆինանսական կայունության հաշվետվություն (2019թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը 2019 թ. գործել է համեմատաբար բարենպաստ մակրոտնտեսական միջավայրում՝ ապահովելով տնտեսությունում ֆինանսական միջնորդության խորացում: ՀՀ տնտեսական բարձր աճը մասամբ պայմանավորված է եղել մասնավոր սպառման առաջանցիկ աճով, ինչն էլ, իր հերթին, ֆինանսավորվել է բանկային վարկավորման աճի հաշվին:
Բանկային համակարգը շարունակում է մնալ շահութաբեր, կապիտալացված և իրացվելի: Վարկային, իրացվելիության և շուկայական ռիսկերը կառավարելի են: Դոլարայնացման նվազման պայմաններում էականորեն նվազել է համակարգի խոցելիությունը արտարժութային ռիսկերի նկատմամբ:
Տարվա ընթացքում վարկերի բարձր աճը հիմնականում ապահովվել է տնային տնտեսություններին տրամադրված վարկերի աճի շնորհիվ, մինչդեռ ձեռնարկությունների վարկավորման աճի տեմպերը համեմատաբար ցածր են եղել: Տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճի նախապայման են հանդիսացել վարկավորման պայմանների դյուրինացումն ու մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ դրական սպասումներով պայմանավորված վարկավորման համեմատաբար բարձր պահանջարկը: Տնային տնտեսությունների վարկավորման աճի շարունակականությունը վերջիններիս ավելի զգայուն է դարձնում տնտեսական իրավիճակի բացասական փոփոխությունների նկատմամբ: Հաշվի առնելով ֆինանսական համակարգում ռիսկերի կուտակման հավանականությունը՝ ՀՀ ԿԲ-ի կողմից մշակվել է գործիքակազմ վարկավորման հնարավոր գերտաքացումը հասցեագրելու և պատասխանատու վարկավորման ներդրման նպատակով:
2019 թվականին ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է մակրոպրուդենցիալ քաղաքականության հիմնական գործիքակազմը: Կապիտալի հակացիկլիկ բուֆերը, որը նախատեսված է ընդհանուր վարկային պորտֆելի մասով հնարավոր ռիսկային զարգացումները հասցեագրելու համար, 2019 թ․ ընթացքում պահպանվել է անփոփոխ՝ 0% մակարդակում։ 2020 թ. հունվարի 1-ից սկսել են գործել նաև առևտրային բանկերի կապիտալի պահպանման բուֆերի և համակարգայնության բուֆերի պահանջները՝ յուրաքանչյուրը ռիսկով կշռված ակտիվների 0․5 տոկոսի չափով: Վերը նշված գործիքները կնպաստեն բանկային համակարգի վճարունակության ամրապնդմանը և տնտեսության շոկային իրավիճակներում առևտրային բանկերի կողմից կարող են օգտագործվել տնտեսության վարկավորման գործընթացների սահունության և անընդհատության ապահովման համար։
Կենտրոնական բանկն իրականացրել է պարտավորություն/եկամուտ և պահանջ/գրավի արժեք ցուցանիշների (DSTI, LTV) մշակման և դրանց հետագա կիրառումն ապահովող աշխատանքներ։