Ֆինանսական կայունության հաշվետվություն (2012թ. առաջին կիսամյակ)

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Կիսամյակի ընթացքում Հայաստանի ֆինանսական կայունությունը պահպանվել է բավարար մակարդակի վրա, թեև ֆինանսական համակարգում նախորդ տարի դրսևորված ռիսկերը պահպանվել են, և հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները դարձել են առավել ընդգծված: Արդյունաբերական նշանակության հումքային ապրանքատեսակների միջին գների պահպանումը, ինչպես նաև տրանսֆերտների ներհոսքի և ներքին պահանջարկի վերականգնումը նպաստել են ՀՆԱ աճին : Միևնույն ժամանակ, ֆինանսական հատվածում բանկային համակարգը շարունակել է վարկավորման աճը: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է, չնայած բարձր են եղել տնտեսական աճի ` դանդաղման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում պահպանվել են պետական և մասնավոր պարտքի բեռի բարձր մակարդակները, որոնք սահմանափակում են պետական միջամտության հնարավորությունները, համախառն պահանջարկի աճը, տնտեսության հետագա աշխուժացումը: Այս բարդ իրավիճակում կարևորվում են բոլոր պետությունների կողմից խիստ փոխհամաձայնեցված քաղաքականությունների իրականացումը, ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության բարեփոխումների միասնական մոտեցումների կիրառումը: Արդյունաբերական և պարենային ապրանքների գների` երկրորդ եռամսյակում արձաագրված նվազումը գնաճի զսպման խնդիրը որոշակիորեն դուրս են մղել զարգացած և զարգացող երկրների ուշադրությունից` առանցքային դարձնելով հետագա տնտեսական աճի ապահովումը: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոմիության որոշ երկրներում, տնտեսական վերականգնումը չի դանդաղել, ինչը դրական է անդրադարձել ՀՀ տնտեսության վրա:

Համաշխարհային անկայուն տնտեսական աճի և միջազգային այլ զարգացումների ներքո ՀՀ -ում արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի, արտաքին ապրանքաշրջանառության աճ: Նշված զարգացումները նպաստել են ֆինանսական կայունության ամրապնդմանը (մանրամասն տե'ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):

Ըստ ԿԲ գնահատումների` 2012 թ. առաջին կիսամյակի ՀՀ տնտեսական աճը եղել է 5.4 - 5.7% միջակայքում: Աճ գնահատվել է տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում և շինարարությունում, որտեղ արդեն իսկ արձանագրվել է բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճ: 2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում, թույլ գնաճային միջավայրի պահպանման պայմաններում, ԿԲ-ն անփոփոխ է թողել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը: Արտաքին գնաճային ճնշումների չեզոքացման, գյուղատնտեսության ճյուղի բարձր աճի պարագայում գյուղմթերքների գների աճի տեմպի նվազման արդյունքում կիսամյակի վերջին գնաճի մակարդակը գտնվել է թիրախային միջակայքում: Հունիս ամսվա տվյալներով` 12-ամսյա գնաճը կազմել է 0.7% (մանրամասն տե'ս «Զարգացումները ՀՀ մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): ՀՀ բանկային համակարգը ամբողջ կիսամյակի ընթացքում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: Բանկային համակարգի շահույթը կիսամյակային տվյալներով կազմել է 15.4 մլրդ դրամ, ընդ որում` շահութաբերությունն ըստ ակտիվների կազմել է 1.5%, իսկ ըստ կապիտալի` 8.4%:

Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը ամբողջ կիսամյակի ընթացքում եղել են կառավարելի շրջանակներում` ֆինանսական կայունության առումով խոցելիություններ չառաջացնելով: Ընդհանուր առմամբ, ներքին տնտեսության զարգացումները նույնպես բարենպաստ են եղել ֆինանսական կայունության տեսանկյունից (մանրամասն տե'ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում» բաժիններում):