Ֆինանսական կայունության հաշվետվություն (2018թ. առաջին կիսամյակ)

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

2018 թվականի առաջին կեսին տնտեսական բարձր ակտիվության և ներքին ու արտաքին հատվածի եկամուտների կայունացման ներքո ՀՀ ֆինանսական համակարգն ամրապնդել է ֆինանսական կայունությունը՝ պահպանելով վարկային ընդլայնողական քաղաքականությունը: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է ավելի դանդաղ տեմպերով, իսկ հիմնական ռիսկերը տնտեսական աճի նվազման ուղղությամբ են եղել: Արձանագրված տնտեսական աճը համաչափ չի եղել ըստ երկրների, և մի շարք զարգացումներ և միտումներ բացասաբար են անդրադարձել լավատեսական սպասումների վրա: Կարճաժամկետ հեռանկարում աճել է առանցքային երկրների կողմից առևտրային հովանավորչական քաղաքականության կիրառման ռիսկը, ինչը բացասաբար կանդրադառնա միջազգային առևտրի աճի տեմպերի, հետևաբար նաև համաշխարհային տնտեսական աճի վրա: Միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն զարգացող երկրների՝ կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, ֆինանսական շուկաներում ֆինանսական պայմանների՝ սպասվածից արագ խստացումը և հնարավոր կտրուկ տատանումները, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակի անբարենպաստ զարգացումները:

Տնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում որոշ երկրներ շարունակել են նվազեցնել ընդլայնող դրամավարկային քաղաքականության մասշտաբները՝ հայտարարելով հետագայում դրանց դադարեցման հավանականության մասին: Զարգացող երկրներում նվազել է կապիտալի ներհոսքը՝ պատճառ դառնալով տնտեսական աճի տեմպերի դանդաղման և ազգային արժույթների արժեզրկման:

Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության երկրներում և Ռուսաստանում ընթացիկ ժամանակահատվածում պահպանվել է տնտեսական զարգացումների դրական միտումը, ինչը խթանել է արտաքին պահանջարկի աճը, դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստանի Հանրապետություն (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում): Այնուամենայնիվ, վերը նշված երկրներում սպասումները տնտեսական աճի որոշակի նվազման ուղղությամբ են: ՀՀ տնտեսական աճը 2018 թ. առաջին կիսամյակում կազմել է 8.3%: Վերջինս հիմնականում ապահովվել է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի աճի հաշվին՝ պայմանավորված ներքին և արտաքին պահանջարկի բարձր աճով (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):

2018 թ. առաջին կեսին ԿԲ-ն, ներքին և արտաքին մակրոտնտեսական զարգացումների պայմաններում, չի փոփոխել դրամավարկային քաղաքականության ուղղությունը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 6.0%: Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ու ներգրավված ավանդների տոկոսադրույքները նվազել են: Նշված միտումը արձանագրվել է նաև միջբանկային և արժեթղթերի շուկաներում: Առևտրային բանկերը արձանագրել են վարկային ու ավանդային պորտֆելների աճ, ապահովել շահութաբերություն: Արձանագրվել է վարկերի որակի որոշակի վատթարացում. չաշխատող վարկերի տեսակարար կշիռը փոքր-ինչ աճել է: Վարկային շուկայում առևտրային բանկերի գործունեության ակտիվացման պայմաններում արձանագրվել են իրացվելիության որոշակի նվազման միտում, բանկային համակարգի կապիտալի համարժեքության փոքր-ինչ նվազում: Բազել 3 համաձայնագրի կապիտալի կառուցվածքի վերաբերյալ պահանջների ներդրումը ևս նպաստել է կապիտալի համարժեքության նվազմանը: Նշված ցուցանիշները, այնուամենայնիվ շարունակում են բավականին բարձր մնալ նորմատիվային նվազագույն սահմանաչափերից: Հաշվետու կիսամյակում ֆինանսական համակարգի ռիսկերը չեն աճել, դրանք պահպանվել են կառավարելի շրջանակում՝ չվտանգելով ֆինանսական կայունությունը (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» բաժնում):