Ֆինանսական կայունության հաշվետվություն (2017թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Արտաքին և ներքին տնտեսական դրական զարգացումներով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսական համակարգում 2017 թ. առաջին կեսին դիտարկվել է ռիսկերի նվազման միտում, ամրապնդվել է ֆինանսական կայունությունը: Բարենպաստ մակրոտնտեսական միջավայրի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած քայլերի շնորհիվ պահպանվել է ֆինանսական շուկաների կայունությունը, արձանագրվել է վարկավորման ու ավանդների ներգրավման որոշակի աճ, բանկային համակարգի կողմից ապահովվել է շահույթ ու ֆինանսական կայունության ցուցանիշների բարելավում: Միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների աճի միտման պահպանումը, գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության բարձրացումը դրականորեն են ազդել ՀՀ արտահանման ծավալների վրա: Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական վերականգնումը բարենպաստ է անդրադարձել Հայաստանի Հանրապետություն փոխանցվող մասնավոր տրանսֆերտների աճի, հետևաբար նաև ներքին սպառման վերականգնման վրա: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը համահունչ է եղել ԱՄՀ կանխատեսումներին և, ըստ ամենայնի, շարունակական կլինի: Կիսամյակի ընթացքում արտադրության աճին զուգընթաց արձանագրվել է նաև համաշխարհային առևտրի վերականգնում և, ընդհանուր առմամբ, սպասումների և վստահության բարելավում: Արձանագրված դրական զարգացումները, այնուամենայնիվ, զուգորդվել են նվազման ուղղությամբ որոշակի ռիսկերով: Միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն զարգացող երկրների՝ կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, այդ թվում՝ Չինաստանի տնտեսական ակտիվության սպասվածից առավել դանդաղումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական լարվածությունները:
Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները պահպանել են տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության ուղղությունը, իսկ ԱՄՆ ԴՊՀ-ն՝ տոկոսադրույքի բարձրացման քաղաքականության ուղղությունը: Զարգացող երկրներում կապիտալի արտահոսքը, տնտեսական միտումներով պայմանավորված, վերափոխվել է ներհոսքի՝ նպաստելով տնտեսական աճի վերականգնմանը, իսկ դրամավարկային մարմինները շարունակել են հավատարիմ մնալ ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը: Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության երկրներում և Ռուսաստանում (մանրամասն տե՛ս «Տնտեսական զարգացումները Ռուսաստանի Դաշնությունում» ներգիրը) տնտեսական զարգացումները նկատելի բարելավվել են, ինչը խթանել է արտաքին պահանջարկի աճը, կապիտալ ներդրումների ու դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստանի Հանրապետություն (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժինը): ՀՀ տնտեսական աճը 2017 թ. առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 6.0% (2016 թ.՝ 0.2%), որն առավելապես ապահովվել է արդյունաբերության ու ծառայությունների աճի հաշվին, անկում է գրանցվել շինարարության ու գյուղատնտեսության ճյուղերում (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժինը): Ձևավորված ցածր գնաճային միջավայրի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը հատկապես դրականորեն է անդրադարձել մասնավոր սպառման վրա: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը համահունչ ազդեցություն է ունեցել ինչպես միջբանկային շուկայում, այնպես էլ վարկային ու ավանդային շուկաներում տոկոսադրույքների նվազման վրա:
ՀՀ տնտեսական աճը 2017 թ. առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 6.0% (2016 թ.՝ 0.2%), որն առավելապես ապահովվել է արդյունաբերության ու ծառայությունների աճի հաշվին, անկում է գրանցվել շինարարության ու գյուղատնտեսության ճյուղերում (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժինը): Ձևավորված ցածր գնաճային միջավայրի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը հատկապես դրականորեն է անդրադարձել մասնավոր սպառման վրա: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը համահունչ ազդեցություն է ունեցել ինչպես միջբանկային շուկայում, այնպես էլ վարկային ու ավանդային շուկաներում տոկոսադրույքների նվազման վրա:
Առևտրային բանկերը կարողացել են գրանցել վարկային ու ավանդային պորտֆելների աճ, ապահովել շահութաբերություն: Վարկային շուկայում առևտրային բանկերի ակտիվացման պայմաններում փոքր-ինչ նվազել են նաև բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը և իրացվելիությունը, այնուամենայնիվ այդ բաղադրիչները դեռևս բավականաչափ բարձր են նորմատիվային նվազագույն սահմանաչափերից: Դիտարկվել է ֆինանսական համակարգի ռիսկերի նվազման միտում: Այդ ռիսկերը պահպանվել են կառավարելի շրջանակում՝ էապես չվտանգելով ֆինանսական կայունությունը (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում» բաժինը):