Ֆինանսական կայունության հաշվետվություն (2013թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Ներքին տնտեսության և, համապատասխանաբար, ֆինանսական կայունության վրա ազդող արտաքին հիմնական ռիսկերն ու հետագա զարգացման հետ կապված անորոշությունները ընթացիկ տարում պահպանվել են, իսկ միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների նվազումը, արդյունաբերության ճյուղի ցածր աճը և վատ եղանակային պայմանները որոշակիորեն նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղմանը: Բացասական զարգացումներին զուգընթաց, ներքին տնտեսությունում դրսևորվել են մի շարք դրական միտումներ: Մասնավորապես՝ արտահանման ծավալների աճը դրական է անդրադարձել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է տրանսֆերտներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է նաև ընթացիկ կիսամյակում, թեև գերակշռել են նվազման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում պարտքային հիմնախնդիրները վերջնական լուծում դարձյալ չեն ստացել, և մի շարք երկրների պարտքային դժվարությունները միջազգային ֆինանսական շուկաներում տատանումների պատճառ են հանդիսացել: Զարգացող երկրներում կարծես ամրապնդվել է տնտեսական աճի դանդաղման միտումը, ինչն էլ իր հերթին նպաստել է մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը: Բորսայական ապրանքների գների աճ արձանագրվել է հիմնականում տարեսկզբին, այնուհետև, զարգացող երկրների տնտեսական աճի դանդաղմամբ և համաշխարհային տնտեսությունում առկա անորոշություններով պայմանավորված, աճի միտումը փոխվել է նվազման:
Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են որպես կիրառվող քաղաքական առաջնային խնդիր դիտարկել տնտեսական աճի խթանումն ու ամրապնդումը: Վերջիններս կիսամյակի ընթացքում շարունակել են իրականացնել մեղմ դրամավարկային քաղաքականություն և երաշխավորել տոկոսադրույքների նույն մակարդակի պահպանումը՝ հավանական փոփոխումը կապելով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի մակարդակների հետ:
ՀՀ հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության որոշ երկրներում և Ռուսաստանում տնտեսական զարգացումները սպասվածից ավելի բացասական են եղել, թեև դրանց ազդեցությունը ներքին տնտեսության վրա չի զգացվել, մասնավորապես՝ կիսամյակի ընթացքում արձանագրվել է ինչպես արտահանման, այնպես էլ մասնավոր դրամական փոխանցումների ծավալների աճ (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում): Ըստ 2013 թ. առաջին վեց ամիսների տվյալների՝ ՀՀ տնտեսական աճը. կազմել է 3.5% (2012-ի առաջին կիսամյակում՝ 6.5%): Աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղի ցածր աճով և շինարարության ճյուղի նվազմամբ: Չնայած համաշխարհային տնտեսության խնդրահարույց զարգացումներին՝ ՀՀ-ում արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի և արտաքին առևտրաշրջանառության աճ: Նշված միտումները նպաստել են տնտեսությունում եկամուտների աճին, հետևաբար ամրապնդել ձեռնարկությունների և տնային տնտեսությունների ֆինանսական կայունությունը (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):
Կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելի աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց դիտարկվել է կապիտալի համարժեքության նվազման տեմպի դանդաղում: ՀՀ բանկային համակարգը ամբողջ կիսամյակում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: Նվազել է զուտ տոկոսային մարժան, որը մասամբ պայմանավորել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազումը: Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը թեև որոշ դեպքերում ցուցաբերել են աճի միտում, սակայն շարունակում են մնալ կառավարելի շրջանակներում՝ չառաջացնելով ռիսկեր ֆինանսական կայունության համար (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»):