Ֆինանսական կայունության հաշվետվություն (2019թ. տարեկան)​​

Ֆինանսական կայունության հաշվետվությունում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը վտանգող հավանական ռիսկերը, դրանց ազդեցության ուղղություններն ու գնահատականները, ինչպես նաև ֆինանսական համակարգի կողմից այդ ռիսկերը կլանելու կամ չեզոքացնելու կարողությունը:
Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունում: «Ֆինանսական կայունության հաշվետվության» նախորդ հրապարակումները հասանելի են ՀՀ կենտրոնական բանկի www.cba.am պաշտոնական կայքում։

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակար­գը 2019 թ.  գործել է համեմա­տաբար բարենպաստ մակրո­տնտեսական միջավայրում՝ ապահովելով տնտեսությունում ֆինանսական միջնորդության խորացում: ՀՀ տնտեսական բարձր աճը մասամբ պայմանավոր­ված է եղել մասնավոր սպառ­ման առաջանցիկ աճով, ինչն էլ, իր հերթին, ֆինանսավորվել է բանկային վարկավորման աճի հաշ­վին:

Բանկային համակարգը շարունակում է մնալ շահութաբեր, կապիտալացված և իրացվելի: Վարկային, իրացվելիության և շուկայական ռիսկերը կառավարելի են: Դոլարայնացման նվազ­ման պայմաններում էականորեն նվազել է համակարգի խոցելիու­թյունը արտարժութային ռիսկերի նկատմամբ:

Տարվա ընթացքում վարկերի բարձր աճը հիմնականում ապահովվել է տնային տնտեսություններին տրամադրված վարկերի աճի շնորհիվ, մինչդեռ ձեռնարկությունների վարկա­վորման աճի տեմպերը համեմատաբար ցածր են եղել: Տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճի  նախապայման են հանդիսացել վարկավորման պայմանների դյուրինացումն ու մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ դրական սպա­սումներով պայմանավորված վարկավորման համեմատաբար բարձր պահանջարկը: Տնային տնտեսությունների վարկավոր­ման աճի շարունակականությունը վերջիններիս ավելի զգայուն է դարձնում տնտեսական իրավիճակի բացասական փոփոխու­թյունների նկատմամբ: Հաշվի առնելով ֆինանսական համակար­գում ռիսկերի կուտակման հավանականությունը՝ ՀՀ ԿԲ-ի կող­մից մշակվել է գործիքակազմ վարկավորման հնարավոր գեր­տաքացումը հասցեագրելու և պատասխանատու վարկավորման ներդրման նպատակով:

2019 թվականին ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է մակրո­պրուդենցիալ քա­ղաքականության հիմնական գործիքակազմը: Կապիտալի հակա­ցիկլիկ բուֆերը, որը նախատեսված է ընդ­հա­նուր վարկային պորտֆելի մասով հնարավոր ռիսկային զարգա­ցումները հաս­ցեագրելու համար, 2019 թ․ ընթացքում պահպան­վել է անփո­փոխ՝ 0% մակարդակում։ 2020 թ. հունվարի 1-ից սկսել են գործել նաև առևտրային բանկերի կապիտալի պահ­պանման բուֆերի և համակարգայնության բուֆերի պահանջ­ները՝ յուրա­քանչյուրը ռիսկով կշռված ակտիվների 0․5 տոկոսի չափով: Վերը նշված գործիքները կնպաստեն բանկային համա­կարգի վճա­րունակու­թյան ամրապնդմանը և տնտեսության շոկային իրավի­ճակներում առևտրային բանկերի կողմից կարող են օգտա­գործվել տնտեսու­թյան վարկավորման գործընթացների սահու­նության և անընդ­հատության ապահովման համար։

Կենտրոնական բանկն իրականացրել է պարտավորու­թյուն/եկամուտ և պահանջ/գրավի արժեք ցուցանիշների (DSTI, LTV) մշակ­ման և դրանց հետագա կիրառումն ապահովող աշխա­տանքներ։