Ֆինանսական կայունության հաշվետվություն (2020թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՀՀ տնտեսությունը 2020 թ. կրել է միմյանց հաջորդած երկու շոկերի՝ համավարակի և ռազմական դրության ազդեցությունները: Վերջիններս մարտահրավերներ են ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, որոնք էականորեն տարբերվում են նախորդ բոլոր ճգնաժամերի մարտահրավերներից: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված սահմանափակումների, տարեվերջի ռազմական դրության և դրանց հաջորդած անորոշությունների բարձր մակարդակի պայմաններում արձանագրվել է տնտեսական անկում: ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ Կառավարությունը արձագանքել են ստեղծված տնտեսական իրավիճակին՝ իրականացնելով ընդլայնողական մակրոտնտեսական քաղաքականություն: Կառավարության կողմից իրականացված քաղաքականությունը ներառել է նաև տուժած տնտեսավարողների և խոցելի սոցիալական խմբերի օժանդակությանն ուղղված հասցեական միջոցառումներ: Աննախադեպ շոկերի պարագայում ֆինանսական համակարգը տարվա ընթացքում պահպանել է գործունեության անընդհատությունը, ինչը մեծ հաշվով հնարավոր է եղել ապահովել ի հաշիվ ձևավորված կապիտալի և իրացվելիության բավարար ներուժի։
Բանկերը շարունակել են մատուցել բանկային ծառայությունները՝ առաջնությունը տալով օնլայն/հեռավար ծառայությունների հասանելիության և հաճախորդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Առևտրային բանկերի առաջարկած վարկային արձակուրդները և վարկերի պայմանների վերանայումները համավարակից տուժած վարկառուներին հնարավորություն են տվել իրենց պարտքի սպասարկման բեռը վերաբաշխելու ապագա ակնկալվող եկամուտներին համարժեք: Աճող անորոշությունների և ռիսկերի պայմաններում բանկային համակարգը շարունակել է տնտեսության վարկավորումը՝ չնայած վարկավորման աճի տեմպերը նվազել են։ Անորոշությունների խորացումը, բանկային համակարգի համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունների կրճատումը հանգեցրել են վարկավորման աճի տեմպերի կրճատման չորրորդ եռամսյակում։ Վարկավորման պահանջարկը ևս նվազել է՝ տնտեսավարողների մոտ տնտեսության հեռանկարի վերաբերյալ անորոշությունների աճի գործոնով պայմանավորված։ Չնայած հիպոտեկային վարկավորման աճի տեմպերի որոշակի կրճատմանը՝ վերջինիս տարեկան աճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում։ Հիպոտեկային վարկավորման և անշարժ գույքի շուկայից ածանցվող ռիսկերի արդյունավետ հասցեագրման նպատակով Կենտրոնական բանկը քննարկում է համապատասխան մակրոպրուդենցիալ գործիքների ներդրման հնարավորությունը (մասնավորապես՝ պահանջ/գրավի արժեք հարաբերակցության սահմանում կամ նմանատիպ այլ կարգավորումներ)։
Տարվա ընթացքում գրանցված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում դիտարկվել է վարկային ռիսկի աճ։ Տնային տնտեսությունների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների նվազման պայմաններում դիտարկվել են վերջիններիս վճարունակության վատթարացում, պարտքի սպասարկման դժվարություններ։ Այս պարագայում ֆինանսական հաստատություններում աճել են վարկային ռիսկով պայմանավորված կորուստների նյութականացումը և վարկային պորտֆելում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը։ Մասնավորապես՝ չաշխատող վարկերի աճը հիմնականում պայմանավորվել է սպառողական վարկային պորտֆելում չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճով։ Ֆինանսական կազմակերպություններին հաջողվել է վարկերի վերանայումների և վարկային արձակուրդների արդյունքում, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի շնորհիվ մեղմել և դանդաղեցնել վարկային ռիսկի նյութականացումը: Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկային արձակուրդների տրամադրումը հնարավորություն է ընձեռել զսպելու վարկային ռիսկի արագ նյութականացումը, ինչպես նաև դրա գծով կորուստները տեղափոխելու ապագա ժամանակներ։ Վերջինս արդյունքում, հատկապես տարվա առաջին կեսին, հնարավոր է եղել խուսափել վարկային պորտֆելի որակի էական վատացումից։ Տարեվերջին դիտարկվել է խնդրահարույց վարկերի աճի տեմպերի արագացում, ինչը կարող է պահպանվել նաև 2021 թ. ընթացքում։
Բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության անհրաժեշտ մակարդակը տարվա ընթացքում պահպանվել է: Վարկավորման արձանագրված աճի և նյութականացված ռիսկերի կլանման պայմաններում կապիտալի համարժեքության ցուցանիշի նվազումը չափավոր է եղել։ Ավանդների աճի տեմպի նվազման, տարեվերջին ավանդների որոշակի արտահոսքի պարագայում իրացվելիության ցուցանիշների նվազումն աննշան է եղել։ Տարեվերջի դրությամբ թե՛ կապիտալի համարժեքությունը և թե՛ իրացվելիությունը շարունակել են պահպանվել նվազագույն շեմերից բարձր մակարդակում։ Ստեղծված իրավիճակում հավանական է համարվում ֆինանսական հաստատությունների կողմից վարկավորման պահպանողական մոտեցումների դրսևորումը։ Վարկավորման գրեթե բոլոր ուղղություններով, նախորդ տարվա համեմատությամբ, գրանցվել է նոր տրամադրվող վարկերի ծավալների (հոսքեր) նվազում։ Տնտեսական ակտիվության անկման, վարկային կորուստների աճի և դեռևս պահպանվող անորոշությունների պայմաններում ակնկալվում են վարկային պորտֆելի հետագա աճի չափավոր տեմպեր։
Մակրոպրուդենցիալ քաղաքականության միջոցառումներն առավելապես ուղղված են եղել բանկային համակարգի՝ աճող ռիսկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության անընդհատության ապահովմանը։ Տնտեսության վարկավորման անընդհատությունը և սահունությունը ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ազդակներ է փոխանցել բանկերին ձևավորված կապիտալի բուֆերներն օգտագործելու հնարավորության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, կապիտալի հակացիկլիկ բուֆերի մակարդակը պահպանվել է անփոփոխ՝ 0% մակարդակում: Իրացվելիության պահանջարկի շոկերին դիմակայելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին տրամադրել է անհրաժեշտ դրամային և արտարժութային իրացվելիություն՝ իր գործիքակազմի միջոցով։ Կենտրոնական բանկը կարևորում է բանկերի կողմից կապիտալի զգուշավոր և խելամիտ կառավարման մոտեցումների կիրառումը: Ապագա ժամանակահատվածում վարկային կորուստների աճի և հետաձգված նյութականացման հավանականությունը գնահատվում է բարձր: Բանկային համակարգի ներկայիս կապիտալացման պայմաններում ակնհայտ է, որ կապիտալի բուֆերների հնարավոր խախտման դեպքեր կարող են դիտարկվել քիչ թվով բանկերի կողմից։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, կարևոր է համարում, որ բանկերը հնարավորինս ձեռնպահ մնան շահաբաժիններ և պարգևավճարներ բաշխելուց: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ բանկերը չներգրավվեն այնպիսի գործառույթներում, որոնք կվտանգեն վերջիններիս գործունեության սահունությունը և կայունությունը։