Ֆինանսական կայունության հաշվետվություն (2018թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

2018 թվականին ներքին տնտեսական բարձր աճի, աշխատաշուկայի դրական զարգացումների, մեղմ դրամավարկային քաղաքականություն պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգը պահպանել է ֆինանսական կայունությունը՝ ապահովելով վարկային և ավանդային պորտֆելների աճ:
2018 թ. շարունակվել է համաշխարհային տնտեսական աճը, թեև տարվա երկրորդ կեսին արձանագրվել է տեմպերի դանդաղում, և միտումը, ըստ ամենայնի, կպահպանվի ինչպես 2019 թվականին, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում:

ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրոգոտում և Ռուսաստանում ևս ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում: Տարվա ընթացքում աճել է առանցքային երկրների կողմից առևտրային հովանավորչական քաղաքականության կիրառման ռիսկը, ինչը բացասաբար է անդրադարձել և կշարունակի անդրադառնալ համաշխարհային առևտրի աճի տեմպերի, հետևաբար նաև՝ համաշխարհային տնտեսական աճի վրա:
Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն զարգացող երկրների՝ կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, ֆինանսական շուկաներում ֆինանսական պայմանների խստացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակի անբարենպաստ զարգացումներով պայմանավորված ռիսկերը:
Տնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում որոշ երկրներ շարունակել են նվազեցնել ընդլայնող դրամավարկային քաղաքականության մասշտաբները՝ հայտարարելով հետագայում դրա դադարեցման հավանականության մասին։ Զարգացող երկրներում արձանագրվել է կապիտալի արտահոսք՝ պատճառ դառնալով տնտեսական աճի տեմպերի դանդաղման և ազգային արժույթների արժեզրկման ճնշումների:

Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործ­ընկեր Եվրո­միության երկրներում և Ռուսաստանում ընթա­ցիկ ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար ցածր տնտեսական աճ, ինչը թեև դեռևս արտաքին պահան­ջար­կի նվազման չի հանգեցրել, սակայն բացասաբար է անդրա­դար­ձել դեպի Հայաստանի Հանրապետություն դրամական փոխան­ցումների ներ­հոսքի վրա (մանրամասն տե՛ս «Հա­մաշխարհային տնտե­սության զարգացումները» բաժինը):

ՀՀ տնտեսական աճը 2018 թ. կազմել է 5․2%: Վերջինս հիմ­նա­կանում ապահովվել է մասնավոր սպառման աճի և տնտե­սության վարկավորման աճի հաշվին, ինչին իր հերթին մեծ նպաստում է ունեցել ՀՀ ԿԲ խթանող դրամավարկային քաղա­քականությունը (մանրամասն տե՛ս «Հայաս­տանի մակ­րո­տնտե­սական միջավայ­րը» բաժինը):

2018 թ. ներքին և արտաքին մակրոտնտեսական զարգացումների պայմաններում ԿԲ-ն չի փոփոխել դրամավարկային քաղաքականության խթանող ուղղությունը․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 6.0%:
2018 թ. տնտեսական ակտիվության պահպանման և աշխատաշուկայի դրական զարգացումների պայմաններում ֆինանսական համակարգում արձանագրվել է վարկավորման ծավալների աճ: Դրամավարկային մեղմ քաղաքականության պայմաններում պահպանվել է նաև վարկերի ու ավանդների տոկոսադրույքների նվազման միտումը: Վարկավորման աշխուժացմանը զուգընթաց գրանցվել է վարկային ռիսկի կայունացման միտում՝ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է: Վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները թեև նվազել են, սակայն շարունակում են մնալ ԿԲ նորմատիվային նվազագույն սահմանաչափերից բավականին բարձր:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում արձանա­գրվել է գործունեության ծավալային ընդլայնում, իսկ նորմատի­վային ցուցանիշները պահպանվել են պահանջվող միջակայ­քե­րում:

Արտաքին և ներքին մակրոտնտեսությունից ՀՀ ֆինանսա­կան կայունությանը սպառնացող ռիսկերի որոշակի աճի պայ­մաններում ֆինանսական համակարգը ցուցաբերել է ռիսկերի կլանման բարձր ունակություն՝ ապահովելով ֆինանսական կա­յունության անհրաժեշտ մակարդակ (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆի­նան­սական հաստա­տություն­ների կայունությունը» բաժինը)։