Ֆինանսական կայունության հաշվետվություն (2017թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

2017 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման հեռանկարների ներքո ՀՀ ֆինանսական համակարգն ամրապնդել է ֆինանսական կայունությունը` պահպանելով վարկային ընդլայնողական քաղաքականությունը: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը գերազանցել է սպասումները և, ըստ ԱՄՀ կանխատեսումների, շարունակական կլինի նաև առաջիկայում: Արտադրության աճին զուգընթաց արձանագրվել է նաև համաշխարհային առևտրի աճի տեմպերի արագացում և, ընդհանուր առմամբ, սպասումների և վստահության բարելավում: Կարճաժամկետ հեռանկարում առավել հավանական է համարվում զարգացած երկրների կողմից առևտրային հովանավորչական քաղաքականության կիրառման արդյունքում առևտրի տեմպերի, հետևաբար նաև համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղումը: Միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն զարգացող երկրների` կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, ֆինանսական շուկաների կտրուկ տատանումները, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը և զարգացումները:

Մակրոտնտեսական դրական միտումների պայմաններում որոշ երկրներ նվազեցրել են ընդլայնող դրամավարկային քաղաքականության մասշտաբները` հայտարարելով հետագայում ևս նշված միտումը պահպանելու մասին:

Զարգացող երկրներում աճել է կապիտալի ներհոսքը` նպաստելով տնտեսական աճի վերականգնմանը, իսկ դրամավարկային մարմինները շարունակել են հավատարիմ մնալ ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը: Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության երկրներում և Ռուսաստանում պահպանվել է տնտեսական զարգացումների դրական միտումը, ինչը խթանել է արտաքին պահանջարկի աճը, դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստանի Հանրապետություն (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժինը): ՀՀ տնտեսական աճը 2017 թ. կազմել է 7.5%: Վերջինս հիմնականում ապահովվել է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի աճի հաշվին` պայմանավորված ներքին և արտաքին պահանջարկի` սպասումներից արագ վերականգնմամբ: Շինարարության ճյուղում գրանցվել է ցածր աճ, գյուղատնտեսության ճյուղում, տարեկան արդյունքներով` անկում (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժինը):

2017 թ. ԿԲ-ն շարունակել է իրականացրել ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն` ուղղված ներքին պահանջարկի և գնաճի վերականգնմանը: Քաղաքականության նշված ուղղությունը կարճաժամկետում պահպանվել է` պայմանավորված ներքին պահանջարկի աճի ամրապնդման անհրաժեշտությամբ: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը համահունչ ազդեցություն է ունեցել ինչպես միջբանկային և արժեթղթերի շուկաներում, այնպես էլ վարկային ու ավանդային շուկաներում տոկոսադրույքների նվազման վրա:

Առևտրային բանկերը արձանագրել են վարկային ու ավանդային պորտֆելների աճ, ապահովել շահութաբերություն: Վարկավորման աշխուժացմանը զուգընթաց գրանցվել է վարկային ռիսկի կայունացման միտում, և չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է: Վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, չնայած դրանք շարունակում են մնալ բավականին բարձր նորմատիվային նվազագույն սահմանաչափերից:

Դիտարկվել է ֆինանսական համակարգի ռիսկերի նվազման միտում. ռիսկերը պահպանվել են կառավարելի շրջանակում` չվտանգելով ֆինանսական կայունությունը (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» բաժնում):