Ֆինանսական կայունության հաշվետվություն (2013թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

2013 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում շարունակվել են աճի միտումները` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: ՀՀ տնտեսության և ֆինանսական կայունության վրա ազդող արտաքին հիմնական ռիսկերը 2013 թ. ընթացքում պահպանվել են: Միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների համեմատաբար ցածր մակարդակը, ՀՀ արդյունաբերության ճյուղի ցուցանիշների ցածր աճը և շինարարության ճյուղի նվազումը բացասաբար են անդրադարձել ՀՀ տնտեսական աճի տեմպի վրա: Արտահանման ծավալների աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:

Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը որոշակի թափ է հավաքել տարվա երկրորդ կեսին՝ հիմնականում պայմանավորված զարգացած երկրների՝ առավելապես ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով: Եվրոգոտու երկրներում, ի տարբերություն տարվա առաջին կեսի անբարենպաստ զարգացումների, տարեվերջին արդեն նկատելի էին տնտեսական անկման հաղթահարման միտումներ: Զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղման միտումը պահպանվել է` իր հերթին նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի և գների ցածր մակարդակի պահպանմանը:

Զարգացող և զարգացած երկրներում դրամավարկային մարմինները տարվա գերակշիռ ժամանակահատվածում շարունակել են նախապատվությունը տալ տնտեսական աճի խթանման ու ամրապնդման քաղաքականությանը: Նրանք շարունակել են իրականացնել մեղմ դրամավարկային քաղաքականություն՝ հետագայում քաղաքականության հավանական փոփոխումը կապելով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների թիրախային մակարդակների հետ:

ՀՀ հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող Եվրոմիության որոշ երկրներում և Ռուսաստանում տնտեսական աճը սպասվածից ավելի պակաս է եղել, թեև դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նշանակալի չի եղել (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում): Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2013 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.5% (2012 թ. տարեկան աճը՝ 7.2%): Աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի ցածր աճով ու շինարարության ճյուղի ցուցանիշների անկմամբ: ՀՀ-ում արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի և արտաքին առևտրաշրջանառության աճ: Նշված միտումները դրական են անդրադարձել տնային տնտեսությունների և արտահանող ձեռնարկությունների եկամուտների վրա՝ ամրապնդելով վերջիններիս ֆինանսական կայունությունը (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):

2013 թ., բանկային համակարգի վարկային պորտֆելի աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց, արձանագրվել է կապիտալի համարժեքության նվազման տեմպի դանդաղում: Վարկավորման համեմատ ավանդների արագատեմպ աճի պայմաններում ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը: ՀՀ բանկային համակարգը ամբողջ տարվա ընթացքում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: Նվազել է զուտ տոկոսային մարժան, որը մասամբ պայմանավորել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազումը:

Իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը բավարար իրացվելի է և կապիտալացված՝ շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում»):