Ֆինանսական կայունության հաշվետվություն (2012թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Ֆինանսական կայունության վրա ազդող արտաքին միջավայրից բխող հիմնական ռիսկերը և հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները պահպանվել են նաև ընթացիկ տարում, իսկ ներքին տնտեսությունում արդյունաբերական նշանակության հումքային ապրանքատեսակների միջազգային գների պահպանումը, ինչպես նաև տրանսֆերտների ներհոսքի և ներքին պահանջարկի շարունակական աճը նպաստել են ՀՆԱ, արտահանման ծավալների և բնակչության եկամուտների աճին` դրականորեն անդրադառնալով նաև ֆինանսական կայունության վրա: Միևնույն ժամանակ, բանկային համակարգը շարունակել է ակտիվ վարկավորումը` համակարգում առկա ռիսկերը պահպանելով կառավարելի շրջանակում:

Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է, չնայած բարձր են եղել տնտեսական աճի՝ դանդաղման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում պահպանվել են պետական և մասնավոր պարտքի բեռի բարձր մակարդակները, որոնք սահմանափակել են պետական միջամտության հնարավորությունները, համախառն պահանջարկի աճը, տնտեսության հետագա աշխուժացումը:

Բորսայական ապրանքների գների աճ հիմնականում արձանագրվել է տարեսկզբին, որից հետո, թույլ մասնավոր պահանջարկով և համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնմամբ պայմանավորված, գների աճն ըստ էության դադարել է: Նախորդ տարվա համեմատ գների առավել բարձր մակարդակ դիտարկվել է հացահատիկի շուկայում՝ պայմանավորված սպասվող բերքի ծավալներով:

Զարգացած և զարգացող երկրների դրամավարկային մարմինների օրակարգում գնաճի զսպման խնդիրը տարվա ընթացքում հետին պլան է մղվել: Առաջնային կարևորություն է տրվել հետագա տնտեսական աճի վերականգնման ու ապահովման խնդրին: Ե՛վ զարգացած, և՛ զարգացող երկրները գրեթե ամբողջ տարվա ընթացքում շարունակել են իրականացնել մեղմ դրամավարկային քաղաքականություն:

Դաշնային պահուստային համակարգը գործարկել է ծավալային խթանման երրորդ փուլը, ԵԿԲ-ն իրագործել է երկրորդային շուկայից պարտատոմսերի գնման ծրագիրը, իսկ տարեվերջին սեփական խթանման ծրագիրն է կիրարկել Ճապոնիայի ԿԲ-ն: Այս միջոցառումները որոշակի միջանցք են ստեղծել տնտեսական աճի հետագա արագացման համար, թեև էական շրջադարձ դեռևս չի կանխատեսվում: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոմիության որոշ երկրներում, տնտեսական վերականգնումը էապես չի դանդաղել, ինչը դրական է անդրադարձել ՀՀ արտաքին առևտրի և բնակչության եկամուտների վրա (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):

ՀՀ տնտեսական աճը 2012 թ. կազմել է 7.2%: Աճ ապահովվել է տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում և շինարարությունում, որտեղ արդեն իսկ արձանագրվել է բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճ: Չնայած համաշխարհային տնտեսությունում տարաբնույթ զարգացումներին, ՀՀ-ում արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի, արտաքին ապրանքաշրջանառության աճ: Նման զարգացումները նպաստել են տնտեսությունում եկամուտների աճին, հետևաբար ձեռնարկությունների և բնակչության ֆինանսական կայունության ամրապնդմանը (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): 2012 թ. ընթացքում, թույլ գնաճային միջավայրի պահպանման պայմաններում, ԿԲ-ն անփոփոխ է թողել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը: Արտաքին թույլ գնաճային միջավայրի, գյուղատնտեսության ճյուղի բարձր աճի պարագայում գյուղմթերքների գների նվազման արդյունքում տարեկան գնաճի մակարդակը գտնվել է թիրախային միջակայքում: Դեկտեմբերի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 3.2% (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):

Տարվա ընթացքում վարկերի ծավալների բարձր աճի պայմաններում կապիտալի համարժեքության նորմատիվը նվազել է, այդուհանդերձ, ՀՀ բանկային համակարգը ամբողջ տարվա ընթացքում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: Ֆինանսական համակարգն աշխատել է շահույթով, ընդ որում՝ արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշների աճ: Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը տարեկան կտրվածքով եղել են կառավարելի շրջանակներում` ռիսկեր չառաջացնելով ֆինանսական կայունության առումով (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում» բաժիններում):