Ֆինանսական կայունության հաշվետվություն (2011թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական կայունությունը պահպանվել է բավարար մակարդակի վրա, թեև նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգում արձանագրվել է ռիսկերի մակարդակների որոշակի աճ, և հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները դարձել են առավել ընդգծված: Արդյունաբերական նշանակության հումքային ապրանքատեսակների գների աճը, ինչպես նաև տրանսֆերտների ներհոսքի և ներքին պահանջարկի վերականգնումը նպաստել են ՀՆԱ աճին: Միևնույն ժամանակ, ֆինանսական հատվածում բանկային համակարգը շարունակել է վարկավորման աճը:
Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է, չնայած բարձր են եղել տնտեսական աճի՝ դանդաղման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում պահպանվել են պետական և մասնավոր պարտքի բեռի բարձր մակարդակները, որոնք սահմանափակում են պետական միջամտության հնարավորությունները, համախառն պահանջարկի աճը, տնտեսության հետագա աշխուժացումը: Այս բարդ իրավիճակում կարևորվում է բոլոր պետությունների կողմից խիստ փոխհամաձայնեցված քաղաքականությունների իրականացումը, ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության բարեփոխումների միասնական մոտեցումների կիրառումը: Արդյունաբերական և պարենային ապրանքների գների շարունակվող աճի պայմաններում գնաճի զսպման խնդիրը տարվա հատկապես առաջին կեսին առաջնային է եղել նաև զարգացած երկրների համար` առաջ բերելով հետագա տնտեսական աճի դանդաղման ռիսկեր: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոմիության տարածաշրջանում տնտեսական վերականգնումը կանխատեսվածից դանդաղ է եղել, ինչը հնարավոր է բացասական ազդեցություններ ունենա ՀՀ տնտեսության վրա:
Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և միջազգային այլ զարգացումների ներքո ՀՀ-ում արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի, արտաքին ապրանքաշրջանառության աճ: Տեղի է ունեցել նաև բանկերի կողմից արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների զուտ ներհոսք: Նշված զարգացումները նպաստել են ֆինանսական կայունության ամրապնդմանը (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 4.6%: Աճ գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից, որտեղ դեռևս ցածր են բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները: 2011 թ., հատկապես առաջին կիսամյակի ընթացքում, բարձր գնաճային միջավայրի պահպանման պայմաններում ԿԲ-ն անցում է կատարել դրամավարկային պայմանների աստիճանական խստացման քաղաքականությանը և երեք անգամ` ընդհանուր առմամբ 1.25 տոկոսային կետով, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Տարվա երկրորդ կեսից սկսված արտաքին գնաճային ճնշումների չեզոքացման, գյուղատնտեսության ճյուղի բարձր աճի պայմաններում գյուղմթերքների գների աճի տեմպի նվազման արդյունքում, ի հակադրություն տարեսկզբին ձևավորված բարձր գնաճային միջավայրի, տարեվերջին գնաճի մակարդակը գտնվել է թիրախային միջակայքում: Այս պարագայում հետագայում, մասնավորապես` մայիս-օգոստոս ամիսներին, ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, միայն սեպտեմբերին իջեցրել 0.5 տոկոսային կետով` սահմանելով 8% մակարդակ: ԿԲ-ն չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը շարունակել է նաև չորրորդ եռամսյակում:
Դեկտեմբերի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 4.7% (մանրամասն տե՛ս «Ֆինանսական կայունությունը ՀՀ մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):
ՀՀ առևտրային բանկերը ամբողջ տարվա ընթացքում պահպանել են նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր, 2011 թ. ընթացքում գրանցել են աճի ցուցանիշներ: Բանկային համակարգի շահութաբերությունը տարեկան տվյալներով աճել է, մասնավորապես` շահութաբերությունն ըստ ակտիվների կազմել է 1.8%, իսկ ըստ կապիտալի՝ 9.8%:
Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը ամբողջ տարվա ընթացքում գտնվել են կառավարելի շրջանակներում` ֆինանսական կայունության առումով խոցելիություններ չառաջացնելով: Ընդհանուր առմամբ, ներքին տնտեսության զարգացումները նույնպես բարենպաստ են եղել ֆինանսական կայունության տեսանկյունից (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում» բաժիններում):