Ֆինանսական կայունության հաշվետվություն (2009թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՆԱԽԱԲԱՆ
2007 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տարեկան պարբերականությամբ կազմում և հրապարակում է Հայաստանի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: Հաշվետվությունում ներկայացվում է երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի և դրանք նվազեցնելու համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր գնահատականը: Նման ընթացիկ վերլուծությունները հնարավորություն են տալիս նաև վաղօրոք հայտնաբերել այնպիսի փոփոխությունները և տատանումները, որոնք կարող են խաթարել ֆինանսական կայունությունը կամ առաջացնել ճգնաժամային իրավիճակ:
Ֆինանսական կայունության հաշվետվության հրապարակման հիմնական նպատակը ՀՀ ֆինանսական համակարգի կայունության ապահովման խնդիրների վերաբերյալ ֆինանսական հաստատությունների, ձեռնարկությունների, տնտեսավարողների ու բնակչության տեղեկացվածության բարձրացումն է: Հավանական ռիսկերի աղբյուրների և ֆինանսական կայունության խոցելիության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իր հերթին նպատակ ունի կողմնորոշելու հասարակությանը` ստեղծված իրավիճակներում որոշումներ կայացնելու առումով:
Հայաստանում ֆինանսական կայունության ապահովման պատասխանատու մարմինը ՀՀ կենտրոնական բանկն է, ինչն ամրագրված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որն էլ անմիջականորեն կապված է ֆինանսական համակարգի կայունության ու բնականոն գործունեության ապահովման խնդրի հետ: Ֆինանսական համակարգի լուրջ խաթարումները կարող են խոչընդոտել դրամավարկային քաղաքականության իրականացմանը և վերջինիս արդյունավետությանը: Միևնույն ժամանակ, մակրոտնտեսական և դրամավարկային կայունությունն իր հերթին նվազեցնում է ֆինանսական կայունությունը խաթարող ռիսկերի դրսևորման հավանականությունը:
Ֆինանսական կայունության հաշվետվությունում ներկայացված է ՀՀ ֆինանսական համակարգի կայունության գնահատականը երկու ուղղություններով. առաջինը` մակրոտնտեսական գործընթացներին ֆինանսական համակարգի միջնորդավորման արդյունավետության գնահատումն է, և երկրորդը` բուն ֆինանսական համակարգի կայունության, ռիսկերը չեզոքացնելու ու մեղմելու ունակության գնահատումը: Հաշվետվությունում ներկայացված են 2009 թ. մակրոմիջավայրում և ֆինանսական համակարգում դրսևորված ռիսկերը, դրանց ազդեցությունը տնտեսության ու ֆինանսական համակարգի բոլոր հատվածների զարգացումների վրա:
ՀՀ ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկերը կարող են ծագել Հայաստանի ներքին տնտեսությունում, երկրից դուրս` արտաքին տնտեսությունում և բուն ֆինանսական համակարգում: Այս առումով ֆինանսական կայունության ապահովման կարևորագույն նախապայմաններն են`
- կայուն զարգացող ներքին և արտաքին մակրոտնտեսական միջավայրը, որի պայմաններում տնային տնտեսությունները և ձեռնարկությունները բավարար չափով վարկունակ կլինեն,
- կայուն և արդյունավետ ֆինանսական համակարգը, որի ռիսկերը կլինեն խելամիտ ու կառավարելի սահմաններում,
- գործունակ ֆինանսական ենթակառույցները, որոնց անխափան գործունեությունը չի խանգարի ֆինանսական համակարգի գործառույթների իրականացմանը:
Ելնելով վերոնշյալից` ՀՀ ֆինանսական կայունությանը խոչընդոտող հավանական ռիսկերը հաշվետվությունում ներկայացված են 5 հիմնական ուղղություններով`
- համաշխարհային տնտեսության զարգացումներից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ մակրոտնտեսական միջավայրի զարգացումներից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ ֆինանսական շուկայում տեղ գտած զարգացումներից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ ֆինանսական հաստատություններից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ ֆինանսական ենթակառույցներից ածանցվող ռիսկեր:
Հաշվետվությունում ներկայացված են այդ ոլորտներում դրսևորված ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության և ֆինանսական համակարգի բոլոր հատվածների զարգացումների վրա: Ընդ որում, ՖԿ հաշվետվությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձված բանկային համակարգի ռիսկերին ու զարգացման ուղղություններին. հաշվի անելով ֆինանսական համակարգում վերջինիս որոշիչ դերը` ֆինանսական համակարգի ակտիվների ավելի քան 90%-ը կազմում են առևտրային բանկերի ակտիվները: Բանկային համակարգը լինելով ներկայիս ֆինանսական համակարգի հիմնական բաղադրիչը` պայմանավորում է ընդհանուր ֆինանսական կայունությունը և զարգացման ուղղությունները: Այս հաշվետվությունում բանկային 5 համակարգի կայունության գնահատումը ներառում է վարկային, շուկայական և իրացվելիության ռիսկերի վերլուծությունները:
2009 թ. Կենտրոնական բանկը ծավալուն աշխատանքներ է իրականացրել հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու, ֆինանսական համակարգի վրա ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ: Տարվա ընթացքում սահմանվածից հաճախակի և մանրամասն մոնիթորինգ է իրականացվել ոչ միայն առանձին ֆինանսական հաստատությունների ռիսկերի ուսումնասիրության, այլև ընդհանուր ֆինանսական համակարգի զարգացումների, ռիսկերի և կայունության խոչընդոտների բացահայտման նպատակով: Սթրես-սցենարների միջոցով որոշակի պարբերականությամբ գնահատվել է տարբեր ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական հաստատությունների հավանական ռիսկերը, դրանց գծով վնասները և համակարգային ազդեցությունը:
ՀՀ ֆինանսական համակարգի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության մեղմմանն ուղղված քաղաքականության ներքո` 2009 թվականին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հիմնական շեշտադրումը գների կայունության և ֆինանսական համակարգի կայունության խնդիրների զուգորդումն էր: Ազգային արժույթի արժեզրկման ճնշումների, դրամային ավանդները դոլարայինով փոխարինելու գործընթացների արդյունքում բանկային համակարգում առաջացել էր արտարժութային իրացվելիության և կապիտալի բավարարության հետ կապված ռիսկերի մեծացման հավանականություն: Այդ ռիսկերը չեզոքացնելու նպատակով Կենտրոնական բանկը տարեսկզբին մեծացրել է իր միջամտությունն արտարժույթի շուկայում` փորձելով ժամանակավորապես կայունացնել փոխարժեքը: Կենտրոնական բանկի վարած նման քաղաքականությունը հնարավորություն է տվել առևտրային բանկերին` ամրացնել իրենց ֆինանսական դիրքերը: Մարտի սկզբին, երբ ֆինանսական համակարգը բավարար կապիտալացված էր ու իրացվելի (ըստ իրականցված սթրես-թեստերի), Կենտրոնական բանկը որոշում է կայացրել դադարեցնելու իր ակտիվ միջամտությունը արտարժույթի շուկայում: Արդյունքում` ազգային արժույթի փոխարժեքը մարտին ճշգրտվել է արժեզրկման ուղղությամբ, և տարվա կտրվածքով ՀՀ դրամի միջին անվանական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել 18.8%-ով: Արտաքին և ներքին թույլ գնաճային ճնշումների պարագայում Կենտրոնական բանկի` տարվա ընթացքում վարած դրամավարկային քաղաքականությունն ուղղված է եղել նաև տնտեսական աճի խթանմանը և ֆինանսական կայունության նպատակով իրացվելիության ներարկմանը:
Կենտրոնական բանկն աստիճանաբար նվազեցրել է հիմնական գործիքի` ռեպոյի տոկոսադրույքը, երկարացրել է որոշ դրամավարկային գործիքների ժամկետները և իրականացրել քանակական ընդլայնող քաղաքականություն: Հակաճգնաժամային միջոցառումները գտնվում էին նաև ՀՀ Կառավարության 2009 թ. գործունեության հիմքում` հիմնական թիրախ ունենալով երկրում մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, ճգնաժամի հետևանքով առաջացած ռիսկերի մեղմացումը: Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը Ազգային ժողով է ներկայացվել 2008 թ. նոյեմբերին և ներառում է հետևյալ քայլերը. գործարար միջավայրի բարելավում, գործարարության ֆինանսական աջակցության տրամադրում, ՓՄՁ վարկավորման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավում, ենթակառուցվածքներին ուղղված լայնածավալ աշխատանքների ու սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացում: Ընդհանուր առմամբ, 2009 թ. Կառավարության մակրոտնտեսա- կան նախաձեռնությունները ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածություն են ունեցել և մշտապես համաձայնեցվել են Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հետ:
Ամփոփելով տարվա զարգացումները` կարող ենք ասել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում 2009 թ. Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության նվազում` պայմանավորված մասնավոր օտարերկրյա ուղղակի ներդրումների, մասնավոր տրանսֆերտների, հանքահումքային արդյունաբերության ծավալների և շինարարության ոլորտում ներդրումային ծրագրերի կրճատմամբ: Արտաքին ֆինանսական միջոցների ներհոսքի և տեղական ապրանքների արտահանման կրճատման հետևանքով 2008 թ. կեսից ձևավորվել էին ՀՀ դրամի արժեզրկման սպասումներ, և արդյունքում գրանցվել է հիմնական գործընկեր երկրների արժույթների նկատմամբ հայկական դրամի արժեզրկում: Տնտեսական ակտիվության նվազումը, մասնավոր հատվածի արտաքին ֆինանսավորման կրճատումը, ՀՀ դրամի կտրուկ արժեզրկումը իրենց հերթին որոշ բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ ֆինանսական համակարգի վրա: ՀՀ առևտրային բանկերը, պահպանելով նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր, կարողացել են դիմակայել առաջացած դժվարություններին` առանց նշանակալի կորուստների ու ցնցումների: