Ֆինանսական կայունության հաշվետվություն (2008թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, ինչն անմիջականորեն կապված է ֆինանսական կայունության խնդրի հետ, քանի որ ֆինանսական համակարգի լուրջ խաթարումները կարող են խոչընդոտել դրամավարկային քաղաքականության իրականացմանը և վերջինիս արդյունավետությանը: Միևնույն ժամանակ, մակրոտնտեսական, դրամավարկային կայունությունը նպաստում է ֆինանսական կայունությունը խաթարող ռիսկերի նվազեցմանը: Հայաստանում ֆինանսական կայունության ապահովման պատասխանատու մարմինը ՀՀ կենտրոնական բանկն է, ինչը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով:

Ֆինանսական կայունությունը կարելի է բնորոշել որպես պայմանների այնպիսի համակցություն, որի դեպքում ֆինանսական համակարգը, այն է` ֆինանսական հաստատությունները, շուկաները և շուկայի ենթակառուցվածքները միասին ունակ կլինեն դիմակայելու հավանական ցնցումներին ու անհավասարակշռություններին` այդ կերպ նվազեցնելով ֆինանսական միջնորդության խափանումների հավանականությունը: Ֆինանսական կայունության ապահովումը ենթադրում է ֆինանսական միջոցների` խնայողությունից ներդրում դառնալու փուլում ռիսկերի հիմնական աղբյուրների, ֆինանսական ռիսկերի ոչ ճիշտ կառավարման, ակտիվների գների ձևավորման անարդյունավետության բացահայտում: Ռիսկերի և անկայունությունների բացահայտման առումով ֆինանսական կայունության մոնիտորինգը կրում է անընդհատ բնույթ և նպատակ ունի բացահայտելու ոչ միայն ռիսկերի աղբյուրները, այլև այդ ռիսկերի հետագա զարգացման հավանական ուղղությունները:

Ֆինանսական կայունության հաշվետվության հրապարակման հիմնական նպատակը ՀՀ ֆինանսական համակարգի կայունության ապահովման խնդիրների մասին ֆինանսական հաստատությունների, բնակչության տեղեկացվածության բարձրացումն է: Ռիսկերի աղբյուրների և ֆինանսական կայունության խոցելիության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակ ունի նաև կանխարգելել ֆինանսական անհավասարակշիռ վիճակները, ճգնաժամերը:

Ֆինանսական կայունության այս հաշվետվությունում փորձ է արվել գնահատելու ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը երկու ուղղություններով. առաջինը` մակրոտնտեսական գործընթացներին ֆինանսական համակարգի միջնորդավորման արդյունավետության գնահատումն է, և երկրորդը` բուն ֆինանսական համակարգի կայունության, ռիսկերը չեզոքացնելու, մեղմելու ունակության գնահատումը: Հաշվետվությունում ներկայացված են մակրոմիջավայրում և ֆինանսական համակարգում դրսևորված ռիսկերը, դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության ու ֆինանսական համակարգի բոլոր հատվածների զարգացումների վրա:

ՀՀ ֆինանսական համակարգի ակտիվների ավելի քան 90%-ը կազմում են առևտրային բանկերի ակտիվները, և այս տեսանկյունից ՖԿ հաշվետվությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձված բանկային համակարգի ռիսկերին ու զարգացման ուղղություններին: ՀՀ ֆինանսական համակարգի մյուս երկու բաղադրիչները` ֆինանսական շուկաները և ենթակառուցվածքները, որոշ դեպքերում փոքր կշիռ ունեն ֆինանսական համակարգում, որոշ դեպքերում էլ բավականաչափ զարգացած չեն, որ նշանակալի ազդեցություն ունենան ֆինանսական կայունության վրա:

Կենտրոնական բանկը 2008 թվականին ծավալուն աշխատանքներ է իրականացրել հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու, ֆինանսական համակարգի վրա ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ: Առավել հաճախակի և մանրամասն մոնիտորինգ է իրականացվել ոչ միայն առանձին ֆինանսական հաստատությունների ռիսկերի ուսումնասիրության, այլ նաև երկրի ընդհանուր ֆինանսական համակարգի զարգացումների, ռիսկերի և կայունության խոչընդոտների բացահայտման նպատակով: Մշակվել են սթրես-սցենարներ` տարաբնույթ ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական հաստատությունների ռիսկերը նույնականացնելու և դրանց գծով վնասները գնահատելու համար: Սթրես-սցենարների արդյունքները պարբերաբար թարմացվել են, հավանական ռիսկերի մակարդակը մշտական մոնիտորինգի է ենթարկվել:

2008 թվականին Կենտրոնական բանկը մշակել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ծրագրերի փաթեթ, որտեղ հստակ սահմանվել են հակաճգնաժամային գործիքների տեսակները, դրանց կիրառման նախապայմանները, գործողությունների հերթականությունն ու պատասխանատու օղակների խնդիրները: Օրենսդրական փոփոխությունների միջոցով նախատեսվում է երկարաձգել առևտրային բանկերի ֆինանսական կայունության պահպանման նպատակով Կենտրոնական բանկի կողմից ներարկվող ֆինանսական միջոցների ժամկետայնությունը:

2008 թվականի առաջին կիսամյակում, երբ տնտեսությունում գերակշռում էին արտաքին գնաճային ճնշումները, դրամավարկային քաղաքականությունն ուղղված էր գների կայունության ապահովմանը: Մինչդեռ երկրորդ կիսամյակում, երբ մի կողմից կտրուկ թուլացել էին արտաքին գնաճային ճնշումները, սկսել էին դրսևորվել միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցության առաջին նշանները տնտեսության իրական հատվածի և ֆինանսական համակարգի վրա, ԿԲ քաղաքականությունը ուղղված էր նաև ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը: Կապիտալի և ֆինանսական միջոցների ներհոսքի դանդաղման պարագայում դրամի արժեզրկման ձևավորվող սպասումները լարվածություն էին առաջացրել արժութային շուկայում, և Կենտրոնական բանկը, նախապատվությունը տալով առևտրային բանկերի ֆինանսական կայունության ապահովմանը, համեմատաբար ակտիվ միջամտություն է ունեցել արժութային շուկայում: Հաշվի առնելով համաշխարհային շուկաներից գնաճային ճնշումների թուլացումը` տարեվերջին Կենտրոնական բանկը 0.5 տոկոսային կետով նվազեցրել է ռեպո տոկոսադրույքը, թեև տարվա ընթացքում վերջինս շարունակաբար բարձրացվում էր: Քաղաքականության ուղղվածության այս ճկուն անցումը հնարավորություն է տվել ապահովելու և' գների թիրախային ցուցանիշը, և' համաշխարհային տնտեսությունից ՀՀ ֆինանսական համակարգ ներթափանցած ռիսկերի ազդեցության որոշակի մեղմացումը:

2009 թվականի մարտին ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է ՀՀ դրամի արժեզրկումը զսպելու նպատակով արտարժույթի վաճառքը արժութային շուկայում, որի արդյունքում ՀՀ դրամն արժեզրկվել է մոտ 22%-ով: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ բանկային համակարգը նախորդող հինգ ամիսներին կարողացել էր նախապատրաստվել դրամի արժեզրկմանը հաջորդող հնարավոր ցնցումներին, զգալի ավելացրել էր սեփական կապիտալը, միջոցներ էր ձեռնարկել ակտիվների և պարտավորությունների արժութային կազմի վերադասավորման ուղղությամբ: Արդյունքում, բանկային համակարգը կարողացել է սպասվածից քիչ կորուստներով դիմակայել ՀՀ դրամի կտրուկ արժեզրկմանը. բանկային համակարգի վնասը, ընդհանուր կապիտալի համեմատությամբ, կազմել է ընդամենը 2.0%: