Սղաճի կանխատեսված արժեքների հավանականությունների բաշխման գրաֆիկի (FAN CHART) կառուցումը և մեկնաբանությունը
ԱՓ 08/02-10
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Սղաճի կանխատեսված արժեքների հավանականությունների բաշխման գրաֆիկի (FAN CHART) կառուցումը և մեկնաբանությունը
Աշոտ Սարգսյան
Ներածություն
Կենտրոնական բանկերում կատարվող կանխատեսումները մեծամասամμ օգտագործվում են իրականացվելիք դրամավարկային քաղաքականության ընթացքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Այնուամենայնիվ, ոչ բոլոր կենտրոնական բանկերն են հրապարակում այդ կանխատեսումների արդյունքները: Կանխատեսման արդյունքների հրապարակման նպատակն է դրամավարկային քաղաքականությունը դարձնել ավելի արդյունավետ և թափանցիկ, նվազագույնի հասցնել կենտրոնական բանկի գործողությունների և մտադրությունների վերաբերյալ հասարակության շրջանում առկա անորոշության չափը: Սակայն հաճախ, հրապարակելով փոփոխականների կանխատեսված ծրագրային արժեքները, ԿԲ-ն ի վիճակի չի լինում դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում ապահովել դրանք: Վերջինիս հետևանքով կարող է վտանգվել ԿԲ վարկանիշը (credibility): Այս պատճառով հաճախ անհրաժեշտություն է առաջանում ընտրություն կատարել իրականացվող քաղաքականության թափանցիկության և ԿԲ վարկանիշի միջև:
Կանխատեսումները հրապարակելով հավանականությունների բաշխման գրաֆիկի տեսքով՝ կենտրոնական բանկերը կարող են խուսափել թափանցիկության և վարկանիշի միջև ընտրություն կատարելու դժվարին խնդրից: Այս դեպքում հրապարակվում են ոչ միայն կանխատեսումների արդյունքում ստացված կետային արժեքները, այլ նաև ապագայում այդ արժեքներից հնարավոր շեղման միջակայքերը: Այդ միջակայքերը ներկայացվում են, այսպես կոչված՝ հավանականությունների բաշխման գրաֆիկի տեսքով (Fan chart) և արտահայտում են կանխատեսված արժեքից ապագայում հնարավոր շեղման ռիսկերի վերաբերյալ ԿԲ տեսակետը: Այլ կերպ ասած՝ հավանականությունների բաշխման գրաֆիկը ցույց է տալիս երևույթների զարգացման ապագա ընթացքի վերաբերյալ ԿԲ գնահատականը: