Եվրոբանկի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները (2000թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ)

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Դրամավարկային Քաղաքականության Դեպարտամենտ

Եվրոբանկի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները

(2000թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ) 

Մարգարիտա Մամիկոնյան

Ընդհանուր տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (այսուհետև՝ Եվրոբանկ) 1992 թվականի ապրիլի 21-ից: Մինչև 1997 թ. ապրիլ ամիսը Եվրոբանկի բաժնետիրական կապիտալը բաղկացած էր 1 մլն բաժնետոմսից՝ յուրաքանչյուրը 10 000 էքյու անվանական արժեքով, այդ թվում՝ ՀՀ բաժնեմասը 500 բաժնետոմս էր:

1997 թ. ապրիլին Եվրոբանկը վերանայեց (կրկնապատկեց) իր կապիտալը, և ներկայումս Եվրոբանկի բաժնետիրական կապիտալը կազմում է 2 մլն բաժնետոմս, այդ թվում՝ ՀՀ-ն ունի 1000 բաժնետոմս՝ 10 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Առաջնահերթ վճարման ենթակա գումարը 2 630 հազ. եվրո է, իսկ Եվրոբանկի պարտավորությունների կատարման անհրաժեշտության դեպքում, Եվրոբանկի պահանջով, կարող է վճարվել ևս 7 370 հազ. եվրո:

2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանը մուծել է 21 528 ԱՄՆ դոլարի բաժանորդագրական վճար (1998 թ. հունիսի 11-ին) և տրամադրել 3 հասարակ անտոկոս պարտամուրհակներ (1998 թ. օգոստոսի 12-ին, 1999 թ. ապրիլի 16-ին և 2000 թ. հոկտեմբերի 23-ին)՝ 322 446.72 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որոնք պետք է մարվեն 5 տարիների ընթացքում, հավասար մասնաբաժիններով:

Մինչ օրս Եվրոբանկի տնօրենների խորհուրդը ստորագրել է Հայաստանում իրականացվող 7 ներդրումային ծրագրեր՝ 117.2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Ֆինանսական փաթեթը բաղկացած է՝

♦ էներգետիկայի ոլորտում` պետական հատվածի 1 ծրագրից,

♦ տրանսպորտի ոլորտում ` պետական հատվածի 1 ծրագրից,

♦ գյուղատնտեսության ոլորտում ` պետական հատվածի 1 ծրագրից,

♦ բանկային համակարգում` մասնավոր հատվածի 3 ծրագրերից,

♦ վերամշակող արդյունաբերության ոլորտում՝ մասնավոր հատվածի 1 ծրագրից:

Հայաստանում Եվրոբանկի առաջին ծրագրերը միայն պետական հատվածի ծրագրեր էին, սակայն 1999 թվականից Եվրոբանկը ֆինանսավորում է մասնավոր հատվածի ծրագրերը: