«Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 43-Ն
24.02.2026
«Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը հաստատելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 09.03.2026
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման հստակ գործիքներ և մեխանիզմներ, որոնց միջոցով սպառողները կկարողանան ինքնուրույն սահմանափակել հեռավար եղանակով իրենց հասանելի ֆինանսական ծառայությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն որոշման հավելվածով հաստատված կանոնակարգով սահմանված «ստոպ» գործիքն առաջին անգամ ներդնելուց հետո ֆինանսական կազմակերպությունը ներդրման օրվանից առնվազն 3 ամիս իր ինտերնետային կայքում և թվային այլ հարթակներում, տեսանելի վայրում և աչքի ընկնող ձևաչափով հայտարարություն է հրապարակում «ստոպ» գործիքների վերաբերյալ։
4. Սույն որոշման հավելվածով հաստատված կանոնակարգով սահմանված «ստոպ» գործիքն առաջին անգամ ներդնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունը տեղեկացնում է սպառողին «ստոպ գործիքի» վերաբերյալ՝ նշելով դրանից օգտվելու կանոնները և ձևերը: Սույն կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, եթե սպառողը ֆինանսական կազմակերպության հետ այլ հաղորդակցման եղանակ չի նախընտրել:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան