Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 205-Ն |
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 05-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2.1-ին մասը, 26.1-ին հոդվածի 7-րդ մասը, 26.2-րդ հոդվածի 3-րդ մասը, 40․1-ին հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․
Ո ր ո շ ու մ ե ն.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Որոշման 2-րդ կետում «տեղեկությունների փոխանցման» բառերը փոխարինել «հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում՝ ընթացիկ ուսումնասիրություն) անցնող անձանց վերաբերյալ փոխանակվող տեղեկությունների» բառերով։
3. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև տեղեկությունների փոխանցման ձևաչափը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև փոխանակվող՝ տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կուսակցության վերաբերյալ տեղեկությունների ձևաչափը՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Մ․ Գալստյան
2025թ․ նոյեմբերի 24
Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող Մ. Գալստյան
2025թ․ նոյեմբերի 21