«Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 101 Ա

20.06.2025

«Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 5-րդ գլխով, հաշվի առնելով «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը նախաձեռնող անձ Դավիթ Հարությունյանի կողմից 2025թ. ապրիլի 8-ին և 2025թ. մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025թ. մայիսի 27-ի թիվ 25 արձանագրություն) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025թ. հունիսի 20-ի թիվ 11 ԾԳ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .


1. Գրանցել «Պրեմիում Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար.

  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Մարտին Գալստյան
Երևան