Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 38-Ն
04.03.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.04.2016
Նպատակ ունենալով սահմանել ծրագրային ազդագրի նկատմամբ պահանջները, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 7-րդ կետը լրացնել 19-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«19) «Ծրագրային ազդագիր» ազդագիր, որը կիրառվում է առաջարկի ծրագրի հիման վրա հրապարակային առաջարկ իրականացնելու և (կամ) արժեթղթերը կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալու դեպքում և բավարարում է սույն կանոնակարգի 9.1-րդ գլխով սահմանված պահանջներին:»:
2) Կանոնակարգը լրացնել գլուխ 9.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 9.1 ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21.1 Ծրագրային ազդագիրն առնվազն ներառում է սույն կանոնակարգի գլուխ 9-ով սահմանված տեղեկությունները՝ կախված թողարկողից և արժեթղթերից: Ընդ որում՝ ծրագրային ազդագիր կազմելու դեպքում սույն կանոնակարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետում նշված «ԱԶԴԱԳԻՐ» կամ «ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐ» բառերի փոխարեն անհրաժեշտ է լրացնել «ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ» բառերը: Իսկ արժեթղթերի մասին այն տեղեկությունները, որոնք ներառված են սույն կանոնակարգի Հավելված 18-ում՝ որպես թողարկման վերջնական պայմաններ, լրացվում են այնքանով, որքանով հայտնի են թողարկողին ծրագրային ազդագրի ներկայացման պահին, այդ թվում՝ հաշվի առնելով իրավասու կառավարման մարմնի՝ թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ որոշումը: Թողարկման վերջնական պայմանները կցվում են ծրագրային ազդագրին կամ ներառվում ծրագրային ազդագրում՝ լրացված սույն կանոնակարգի Հավելված 18-ով սահմանված ձևաթերթի համաձայն:
21.2 Ի լրումն սույն կանոնակարգի 21.1-րդ կետով սահմանված տեղեկությունների, ծրագրային ազդագրում անհրաժեշտ է ներառել նաև հետևյալ տեղեկությունները.
1) ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանների հրապարակման մեթոդը, ընդ որում, եթե ծրագրային ազդագրի գրանցման պահին թողարկողը դեռևս չի որոշել թողարկման վերջնական պայմանների հրապարակման մեթոդը, նշվում է, թե հասարակությունը ինչպես և երբ կարող է տեղեկություններ ստանալ այդ մասին.
2) առաջարկի ծրագրի ընդհանուր նկարագիրը:
21.3 Սույն գլխով սահմանված են ծրագրային ազդագրում ներառվող նվազագույն տեղեկությունները: Թողարկողը պարտավոր է ծրագրային ազդագրում ներառել ցանկացած այլ տեղեկություն, որը ողջամիտ ներդրողը կհամարեր էական իրազեկ ներդրումային որոշումներ կայացնելու համար, բացառությամբ սույն կանոնակարգի գլուխ 26-ով սահմանված գաղտնի համարվող տեղեկությունների:
21.4 Ծրագրային ազդագրով թողարկողը կարող է առաջարկի ծրագրի հիման վրա շարունակական թողարկում իրականացնել (արժեթղթերի համար կարգավորվող շուկայում առևտրին թույլատվություն ստանալ), եթե յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման (արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում թույլտվություն ստանալու) պահին բոլոր փոփոխված տեղեկությունները որպես լրացում գրանցվել և հրապարակվել են սույն գլխի համաձայն: Ընդ որում՝ ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները Կենտրոնական բանկի կողմից որպես լրացում չեն գրանցվում, այլ ներկայացվում են Կենտրոնական բանկ և հրապարակվում, բացառությամբ սույն կանոնակարգ 21.5-րդ կետով սահմանված դեպքի:
21.5 Այն դեպքում, երբ ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմաններում ներառման ենթակա որևէ տեղեկատվություն չի համապատասխանում ծրագրային ազդագրի գրանցման պահին ներկայացված թողարկման վերջնական պայմաններում ներառված տեղեկություններին (ներկայացված ընդհանուր մեթոդաբանությանը), ապա տվյալ տեղեկությունները՝ որպես ծրագրային ազդագրի լրացում, գրանցվում և հրապարակվում են սույն կանոնակարգի 21.8-րդ կետով սահմանված կարգով:
21.6 Ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները Կենտրոնական բանկ են ներկայացվում և հրապարակվում հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակումից առնվազն 2 օր առաջ: Սույն կանոնակարգի 34-րդ և 35-րդ կետերով սահմանված ազդագրի՝ Կենտրոնական բանկ ներկայացմանը, ինչպես նաև Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված ազդագրի հրապարակմանը վերաբերող դրույթները (ըստ կիրառելիության) տարածվում են թողարկման վերջնական պայմանների ներկայացման և հրապարակման նկատմամբ:
21.7 Թողարկման վերջնական պայմանների բացահայտումը պետք է լինի այնպիսին, որպեսզի չխոչընդոտի ներդրողների՝ ժամանակին և հեշտ հասանելիությունը ներդրումային որոշումների կայացման համար անհրաժեշտ էական տեղեկություններին:
21.8 Ծրագրային ազդագրի՝ սույն կանոնակարգի 21.4-րդ կետով սահմանված լրացումը համարվում է գրանցված համապատասխան հայտը ստանալու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը: Լրացման գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լրացումը գրանցելու հայտը ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում: Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված ազդագրի հրապարակմանը վերաբերող դրույթները տարածվում են սույն կետով սահմանված ծրագրային ազդագրի լրացումների հրապարակման նկատմամբ:
21.9 Ծրագրային ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու (ծրագրային ազդագրով երկրորդ և հաջորդ հրապարակային առաջարկների դեպքում՝ յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման) պահից հետո՝ մինչև յուրաքանչյուր տեղաբաշխման ժամկետի ավարտը, ծրագրային ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխությունների, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողի կամ տեղաբաշխողի վրա տարածվում են Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ազդագրի լրացումներին առնչվող դրույթները:»:
3) Կանոնակարգի Հավելված 9-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» և «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. Արժեկտրոնի տոկոսադրույքը և դրա վճարման պայմանները, մասնավորապես, արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը, վճարման պարբերականությունը, վճարման հստակ օրերը (օր, ամիս, տարի), օրերի հաշվարկման կարգը (օրինակ 30/360, Act/Act, Act/360 և այլն): Եթե արժեկտրոնի տոկոսադրույքը լողացող է, ապա ներկայացնել նաև տեղեկատվություն, թե ինչ ցուցանիշից (դրա փոփոխությունից) է կախված տոկոսադրույքի մեծությունը, և որտեղ կարելի է ստանալ այդ ցուցանիշի (դրա փոփոխության) մասին տեղեկատվություն: Այս դեպքում պետք է նաև նկարագրել, թե շուկայական ինչպիսի պայմաններ կարող են ազդել այդ ցուցանիշների վրա, ինչպես նաև այն մասին, թե ով է իրականացնելու արժեկտրոնի լողացող տոկոսադրույքի հաշվարկը: Սույն պարբերությունը լրացվում է միայն արժեկտրոնային պարտատոմսերի դեպքում, հակառակ դեպքում նշվում է դրույթ զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային) արժեթղթերի վերաբերյալ:
թ. Արժեթղթերի մարման (մասնակի մարումների) ժամկետը և արժեքը: Մասնակի մարումների դեպքում դրա նկարագիրը: Այն բոլոր պայմանները, որոնց դեպքում հնարավոր է մարման արժեքի փոփոխություն: Վաղաժամկետ մարման հնարավորության դեպքում (թողարկողի կամ ներդրողի նախաձեռնությամբ (քոլ օպցիոն, փութ օպցիոն)), դրա ժամկետները և պայմանները (այդ թվում՝ օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում), մասնակի մարման հնարավորության դեպքում՝ նվազագույն և առավելագույն մարման արժեքը)):»:
4) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 18-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 11
Երևան