Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 208-Ն

15.09.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017

Նպատակ ունենալով ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանի վարման արդյունավետ գործունեության ապահովման միջոցով բարձրացնել ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունների թափանցիկությունը, այդ թվում՝ հարկային մարմնի համար, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,  ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները»  կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1) Կանոնակարգի 4-րդ կետի աղյուսակի 20-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ

20.

Արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ

օրական,

ամսական

2) Կանոնակարգի 9-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Թիվ 20 ամսական հաշվետվությունը ներկայացնելիս հաշվետվության համարին ի լրումն անհրաժեշտ է լրացնել «m» տառը:»,
3) Կանոնակարգի 13-րդ կետում.
ա. «հաշվետու օրվա ժամը 17:00» բառերից հետո լրացնել «իսկ համակարգի խափանման դեպքում, այն ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 09:30-ը» բառերը,
բ.վերջին նախադասության «կետի համաձայն» բառերը փոխարինել «կետով սահմանված» բառերով,
4) Կանոնակարգի 60-րդ կետի «Աղյուսակի 3-րդ տողում լրացվում է ապահովագրական ընկերության արտարժութային արտահաշվեկշռային հաշիվների հանրագումարը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ` ըստ առանձին արտարժույթների: Աղյուսակի 3.1-3.4 տողերում համապատասխանաբար լրացվում են ապահովագրական ընկերության` արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական գումարների, ածանցյալ գործիքների գծով պայմանական ակտիվների և պարտավորությունների, վերաապահովագրության փոխանցած ռիսկերի գծով վերաապահովագրական գումարների մեծությունները` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ` ըստ առանձին արտարժույթների:» նախադասությունները փոխարինել «Աղյուսակի 3-րդ տողում լրացվում է ապահովագրական ընկերության արտահաշվեկշռային հաշիվների գծով արտարժութային դիրքը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ` ըստ առանձին արտարժույթների: Աղյուսակի 3.1-3.6 տողերում համապատասխանաբար լրացվում են ապահովագրական ընկերության` արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական գումարների, ածանցյալ գործիքների գծով պայմանական ակտիվների և պարտավորությունների, վերաապահովագրության փոխանցած ռիսկերի գծով վերաապահովագրական գումարների, արտահաշվեկշռային այլ ակտիվների և արտահաշվեկշռային այլ պարտավորությունների մեծությունները` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ` ըստ առանձին արտարժույթների:» նախադասություններով,
5) Կանոնակարգի 259-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«259. Թիվ 20 հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ը արժեթղթերի երկրորդային շուկայում արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից): Թիվ 20 հաշվետվությունը ներկայացվում է նաև ամսական կտրվածքով, որտեղ արտացոլվում են Կենտրոնական բանկ ներկայացված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ վերջնահաշվարկ չկատարված ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունները:»,
6) Կանոնակարգը 259-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 259.1-րդ, 259.2-րդ և 259.3-րդ կետերով.
«259.1. Թիվ 20 հաշվետվության իմաստով գործարքի կնքում է համարվում ապահովագրական ընկերության կողմից արժեթղթերի առքի կամ վաճառքի (ռեպո) պայմանագրերի, ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը չկարգավորվող շուկայում:
259.2. Սույն հաշվետվության իմաստով փոփոխված գործարքներ են համարվում սույն հաշվետվության 2-ից 11-րդ աղյուսակներում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները (պայմանների փոփոխություն, գործարքի ժամկետի երկարաձգում, կրճատում և այլն): Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության աղյուսակներում լրացվում են ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակների, որտեղ լրացվում են առաջնային գործարքի համապատասխանաբար «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը»), այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել: Ընդ որում, սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:
259.3. Թիվ 20 հաշվետվությունը ներկայացվում է համաձայն սույն կարգի Հավելված 20-ով սահմանված հաշվետվության, որը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի թիվ 6 հաշվետվության լրացման կարգի:»,
7) Կանոնակարգի 261-275-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
8) Կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 15-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
9) Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
10) Կանոնակարգի Հավելված 20-ում.
ա. 2-րդ աղյուսակում «Ռեպո/հ. ռեպո գործարքի մարման ամսաթիվը» բառերը փոխարինել «Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման ամսաթիվը» բառերով,
բ. 3-11-րդ աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 26
Երևան