Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 80-Ն
31.03.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.06.2017
Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների գործունեության նկատմամբ վերլուծական և վիճակագրության հավաքագրման գործընթացների արդյունավետությունը, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3/04-ի 4-րդ կետի աղյուսակը լրացնել 27-րդ տողով հետևյալ բովանդակությամբ.
|
27 |
Հաշվետվություն արժեթղթերի փաթեթի կառուցվածքի վերաբերյալ |
27 |
ամսական |
2) Կանոնակարգ 3/04-ը 94-րդ կետից հետո լրացնել 94.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«94.1. Թիվ 5 հաշվետվության 2.9.1 կետում լրացվում են ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած եկամուտները:»,
3) Կանոնակարգ 3/04-ը 96-րդ կետից հետո լրացնել 96.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«96.1. Թիվ 5 հաշվետվության 6.9.1 կետում լրացվում են ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած ծախսերը:»,
4) Կանոնակարգ 3/04-ի 235-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«235. Թիվ 18 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ բովանդակությամբ.
1) «Ապահովադրի (ապահովագրված անձի) անվանումը (անունը, ազգանունը)» սյունակում նշվում է իրավաբանական անձ ապահովադրի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը:
2) «ՀԾՀ/ՀՎՀՀ» սյունակում նշվում է անձի հարկային հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, իսկ բացակայության դեպքում՝ տվյալ երկրում իրավաբանական անձանց նույնականացնող այլ տվյալ:
3) «Ռեզիդենտությունը» սյունակում նշվում է տվյալ խոշոր ապահովադրի ռեզիդենտությունը` ընտրելով «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերից մեկը:
4) «Ապահովագրության դաս» սյունակում ապահովագրական պայմանագրի դասը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների՝ «Դժբախտ պատահարներից ապահովագրություն», «Առողջության ապահովագրություն», «Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն», «Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն», «Օդանավերի ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն», «Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն», «Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն», «Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն», «Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն», «Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն», «Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն», «Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն», «Վարկի ապահովագրություն», «Երաշխիքի տրամադրում», «Ֆինանսական վնասների ապահովագրություն», «Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն», «Աջակցության ապահովագրություն», «Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն», «Կյանքի ապահովագրություն», «Ամուսնության, ծնունդի ապահովագրություն», «Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն», «Տոնտին ապահովագրություն», «Կապիտալի հատուցման ապահովագրություն», «Կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում»:
5) «պայմանագրերի քանակ» սյունակում 237-րդ կետով սահմանված դեպքերում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերի քանակը, իսկ մնացած դեպքերում լրացվում է «1»:
6) «համախառն ապահովագրավճարներ» սյունակում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրի գծով համախառն ապահովագրավճարները:
7) «ապահովագրական գումար» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրում նշված ապահովագրական գումարը:
8) «համախառն վերաապահովագրավճարներ» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրի վերաապահովագրության պայմանագրի գծով համախառն ապահովագրավճարները:
9) «վերաապահովագրական գումար» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրի վերաապահովագրության պայմանագրում նշված վերաապահովագրական գումարը:»,
5) Կանոնակարգ 3/04-ի 236-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«236. Թիվ 18 հաշվետվությունը լրացվում է խոշոր ապահովադիրների հետ կնքած յուրաքանչյուր ապահովագրական պայմանագրի համար առանձին տողով, բացառությամբ 237-րդ կետում նշված դեպքերի:»,
6) Կանոնակարգ 3/04-ի 237-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«237. Այն դեպքում, երբ սույն հաշվետվության 235-րդ կետի 1-4 ենթակետերով ներկայացված սյունակներում տվյալները համընկնում են, ապա սույն հաշվետվության 235-րդ կետի 6-9-րդ ենթակետերում ներկայացված սյունակներում լրացվում է այդ սյունակներում պահանջվող գումարների հանրագումարը:»,
7) Կանոնակարգ 3/04-ը լրացնել Գլուխ 27-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 27. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 27 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
339. Թիվ 27 հաշվետվությունում լրացվում է ապահովագրական ընկերության արժեթղթերի փաթեթի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների տեսանկյունից Թիվ 27 հաշվետվությունում արտացոլվում են ինչպես հակադարձ ռեպո գործարքի արդյունքում սեփականության իրավունքով ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի, այնպես էլ ռեպո գործարքի արդյունքում վաճառված և դեռևս հետ չգնված արժեթղթերի մասին տեղեկությունները: Թիվ 27 հաշվետվությունում տվյալները լրացվում են ամփոփ, այլ ոչ թե ըստ յուրաքանչյուր գործարքի:
340. Թիվ 27 հաշվետվության սյունյակները լրացվում են հետևյալ բովանդակությամբ.
1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):
2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է՝ անկախ այն հանգամանքից արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
3) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն)՝ արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է՝ անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
4) «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը: Ընդ որում, սույն սյունակը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)՝ հազարներով, որով արտահայտված է տվյալ արժեթղթի անվանական արժեքը:
5) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տվյալ արժեթղթի անվանական արժեքը:
6) «Արժեթղթի քանակը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ապահովագրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթի քանակը: Սույն սյունակը ծավալային արժեթղթերի համար չի լրացվում:
7) «Արժեթղթի հաշվեկշռային արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթի հաշվեկշռային (հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռքբերված արժեթղթերի դեպքում հետհաշվեկշռային) արժեքը, ներառյալ՝ այդ արժեթղթերի գծով հաշվարկված տոկոսները: Ընդ որում՝ սույն սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ հազարներով:
8) «Արժեթղթի դասակարգումն ըստ ձեռքբերման նպատակի» սյունակում լրացվում է «վաճառքի համար մատչելի», «մինչև մարման ժամկետը պահվող», «շահույթ կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» կամ «այլ» (նշված 3 դասակարգումներին չհամապատասխանելու դեպքում):
9) «Արժեթղթերի կարգավիճակը» սյունակում լրացվում է «գրավադրված», եթե արժեթղթի տնօրինման իրավունքը որևէ ձևով սահմանափակված է, հակադարձ ռեպո գործարքի արդյունքում սեփականության իրավունքով ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի դեպքում լրացվում է «հակադարձ ռեպո», «հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերի տնօրինման իրավունքի՝ տվյալ գործարքի կնքումից հետո որևէ ձևով սահմանափակման դեպքում՝ «գրավադրված և հակադարձ ռեպո», ռեպո գործարքի արդյունքում վաճառված և դեռևս հետ չգնված արժեթղթերի դեպքում` «ռեպո», մնացած դեպքերում՝ «ազատ»:»,
8) Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
9) Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է),
10) Կանոնակարգ 3/04-ի թիվ 18 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է),
11) Հաստատել Կանոնակարգ 3/04-ի թիվ 27 հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 05
Երևան