Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի երկրորդ եռամսյակ)

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 121-Ն

17.07.2024

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի երկրորդ եռամսյակ)

 Հրապարակման ամսաթիվ՝ 23.07.2024

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Արմեն Նուրբեկյան
Երևան


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2024թ. երկրորդ եռամսյակ)

2024 թվականի հուլիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում[1]։

Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝

  1. Ֆինանսական ցիկլի ինդեքսը 2024թ. առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել։ Նույն ժամանակահատվածում վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[2] ևս մնացել է անփոփոխ՝ կազմելով մոտ 65.4%։ Վերջինիս շեղումը իր երկարաժամկետ մակարդակից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) շարունակում է պահպանվել բացասական տիրույթում (մոտ -9 տոկոսային կետ)։
  2. Ընթացիկ եռամսյակում ընդհանուր վարկավորման աճի տեմպերը էական փոփոխություններ չեն կրել, ընդ որում տնային տնտեսությունների և բիզնես վարկերի նպաստումները համադրելի են եղել։ Վարկավորման շուկայի ընթացիկ զարգացումները և ֆինանսական ցիկլի դիրքը վկայում են, որ ֆինանսական համակարգում ցիկլային համակարգային ռիսկերը ընդհանուր առմամբ շարունակում են մնալ հավասարակշռված (ո՛չ թերագնահատված են, և ո՛չ էլ գերագնահատված)։
  3. Նախորդ տարիների ընթացքում արձանագրված հիպոտեկային վարկավորման աճի տեմպերի դանդաղման միտումը պահպանվել է։ Միաժամանակ, արձանագրվել է նաև անշարժ գույքի գների կայունացում և վարձակալական վճարների որոշակի նվազում, ինչը կարող է վկայել այս ոլորտում կայունացման նախանշանների և ռիսկերի հետագա կուտակման հնարավորությունների նվազման մասին։
  4. Հարկ է նշել, որ ընդհանուր վարկային պորտֆելի մասով զարգացումները չեն պարունակում ավելցուկային (ռիսկային) վարկավորման ակնհայտ նախանշաններ։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ ժամանակահատվածում ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերը նախորդ եռամսյակի համեմատ չեն փոխվել։

Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, ՀՀ Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը 1.5% մակարդակում: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։

 [1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով

[2] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը, ֆակտորինգը և անհուսալի վարկերի մնացորդը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ ։