Կանոնակարգ 20-ը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 11-Ն

02.02.2018

«Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից  հրապարակվող  տեղեկությունների ցանկը,  հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 07.03.2018

Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման և  լուծարման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանել ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի,  լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, ինչպես նաև անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 75-րդ և 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 19-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 135-րդ հոդվածի 3-րդ մասը, 8-րդ մասը, 136-րդ հոդվածի 3-րդ մասը, 137-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 140-րդ հոդվածի 5-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, 92-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, 94-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 95-րդ հոդվածի 5-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, 80-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, 82-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 83-րդ հոդվածի 5-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետը, 4.1-րդ, 17-րդ, 19-րդ, 30-րդ, 33-րդ և 39-րդ հոդվածները, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով,  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի ««Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ը և ««Անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 402-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների/հանձնաժողովի կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը» հաստատելու մասին» թիվ 339-Ն որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող լուծարային հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները» կարգը հաստատելու մասին» թիվ 287-Ն որոշումը,
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 122-րդ կետը,
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 73-րդ կետը,
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի ««Ապահովագրական ընկերության ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 3/13-ը հաստատելու մասին» թիվ 290-Ն որոշումը,
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ««Ներդրումային ընկերության ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունները, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 4/13-ը հաստատելու մասին» թիվ 291-Ն որոշումը,
9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունները, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 10/23-ը հաստատելու մասին» թիվ 328-Ն որոշումը,
10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 6-րդ կետը,
11) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 6-րդ կետը,
12) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 119-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ստեղծված լուծարային հանձնաժողովի կազմում կամ նշանակված լուծարային կառավարչի փոփոխության դեպքում նոր ստեղծվող լուծարային հանձնաժողովի և (կամ) դրա անդամների կամ լուծարային կառավարչի նկատմամբ տարածվում են սույն որոշմամբ հաստատված կանոնակարգի պահանջները:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                              Արթուր Ջավադյան
2018 թ. փետրվարի 8
Երևան