Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի երկրորդ եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 108-Ն
25.07.2023
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի երկրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 26.07.2023
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով` 2023 թվականի օգոստոսի 1-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2023թ. երկրորդ եռամսյակ)
2023 թվականի հուլիսի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում[1]։
Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2023 թվականի օգոստոսի 1-ից[2]։
Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝
- Նախորդ եռամսյակի համեմատ Ֆինանսական ցիկլի ինդեքսը գրեթե չի փոխվել, ինչը պայմանավորված է վարկային շուկայում առկա միտումների պահպանմամբ։ Վարկավորման շուկայում ակտիվության աճի պահպանման և անվանական ՀՆԱ բարձր աճի պայմաններում 2023թ. երկրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[3] և վերջինիս շեղումը իր երկարաժամկետ տրենդից գրեթե չեն փոխվել (համապատասխանաբար 64% և շուրջ -10 տոկոսային կետ)։
- Հիպոտեկային վարկավորման պաշարային ցուցանիշի բարձր աճի տեմպը պահպանվել է, ինչը ուղեկցվել է անշարժ գույքի շուկայում գների աճով։ Մեր գնահատումների համաձայն, անշարժ գույքի շուկայում հնարավոր գերարժևորման ռիսկի մեծությունը մնացել է անփոփոխ՝ կազմելով շուրջ 27%[4]: Հարկ է նշել, սակայն, որ այս գնահատականը հիմնված է այն ենթադրության վրա, որ դեռևս նախորդ տարվանից արձանագրված անշարժ գույքի վարձակալական վճարների աննախադեպ բարձր աճի տեմպերը ժամանակավոր բնույթ են կրում և երկարաժամկետ հեռանկարում կարող են չպահպանվել։ Առանց այս ենթադրության, անշարժ գույքի գերարժևորման գնահատված ռիսկի չափը ավելի փոքր է և կազմում է մոտ 13%:
- Ընթացիկ ժամանակահատվածում ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի ցանկում շարունակում են առաջնային լինել աշխարհաքաղաքական միջավայրի անորոշությունները և դրանցից ածանցվող ռիսկերը։ Մեր գնահատմամբ այդ ռիսկերի նյութականացման պարագայում առաջացող կորուստների մեծությունը և դրանց կլանման համար անհրաժեշտ կապիտալի հակացիկլիկ բուֆերի գնահատականը փոփոխություն չեն կրել։ Միևնույն ժամանակ նշենք, որ, բանկային համակարգում կապիտալի և իրացվելիության փաստացի մակարդակները պահանջվող նվազագույնից բավականաչափ բարձր են, ինչը ավելի քան բավարար է տնտեսության բնականոն վարկավորման գործընթացի ապահովման համար։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1.5% մակարդակում: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։
[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով
[2] 2023թ․ մայիսի 1-ից մինչև 2023թ․ հուլիսի 31-ը բանկերը պետք է բավարարեն ԿՀԲ 1% դրույքաչափի պահանջը՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 179 Ն որոշման։ 2023թ․ օգոստոսի 1-ի դրությամբ բանկերը պետք է բավարարեն ԿՀԲ 1.5% դրույքաչափի պահանջը՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 6 Ն որոշման:
[3] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2023թ․ առաջին եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից։
[4] Անշարժ գույքի հիմնարարներով պայմանավորված գնի գնահատման մեթոդաբանությունը առավել մանրամասն ներկայացված է ՀՀ ԿԲ 2021թ․ Ֆինանսական կայունության հաշվետվության Ներգիր 3-ում, որը հասանելի է հետևյալ հղումով: