Զգուշացում առանց լիցենզիայի անձանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ

14.11.2023

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք անձիք սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, փողոցներում տարբեր շինությունների վրա փակցված հայտարարությունների, ինչպես նաև բաժանվող թռուցիկների միջոցով հանդես են գալիս վարկերի, շատ հաճախ՝ արագ, առանց գրավի դիմաց, պարզեցված նույնականացման ընթացակարգով վարկային միջոցների տրամադրման և (կամ) ավանդների ներգրավման և (կամ) այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկությամբ։ Նման անձիք սովորաբար իրենց կողմից մատուցվող «ծառայությունների» համար գանձում են բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն և հաճախ փաստացի չեն մատուցում նախապես խոստացված ծառայությունը։

Հայտնում ենք, որ հիշյալ անձիք չեն լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից, նրանց կողմից ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ անձանց կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններից, քանի որ ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալի միայն ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները, իսկ ավանդներ ընդունել կամ ավանդներ ընդունելու առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը։

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www.cba.am, որտեղ կգտնեք տեղեկատվություն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ՝

https://www.cba.am/am/SitePages/fscfobanks.aspx

https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: