Զգուշացում ապահովագրական կեղծ պայմանագրերի վերաբերյալ
18.02.2025Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս` հնարավոր զեղծարարություններից խուսափելու նպատակով
Հարգելի՛ քաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ապահովագրական գործակալներ և առաջարկում են հեռավար տարբերակով կնքել ԱՊՊԱ պայմանագրեր: Նշվածի արդյունքում քաղաքացիներից խաբեությամբ կորզվում են գումարներ՝ առանց ապահովագրական պայմանագրեր կնքելու: Որոշ դեպքերում զեղծարարները սպառողներին տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր, որոնք կնքված են խոստացվածից ավելի կարճ ժամկետով։
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների և հաշվառված ապահովագրական գործակալների կողմից առաջարկվող ծառայություններից։
Տեղեկացնում ենք, որ անվտանգ կերպով առցանց ապահովագրական պայմանագրեր հնարավոր է կնքել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների պաշտոնական կայքէջերի, հեռահար բանկային սպասարկման հավելվածների (մոբայլ բանկինգ), ինչպես նաև «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» առցանց համակարգի միջոցով՝ այցելելով aswa.am կայքէջ:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական կազմակերպությունների և հաշվառված ապահովագրական գործակալների վերաբերյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝
https://www.cba.am/am/SitePages/fscfoinsuranceorganizations.aspx
https://www.cba.am/am/SitePages/fscfoinsuranceagents.aspx
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: