Կոմունալ ծառայությունների մատուցման պատրվակով բնակարաններ այցելելու միջոցով իրականացվող ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ

04.11.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

Վերջին շրջանում ՀՀ կենտրոնական բանկը ստանում է ահազանգեր ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ։

Մասնավորապես՝ անհայտ անձինք (այսուհետ՝ զեղծարարներ), ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ մատուցելու կամ ստուգումներ կատարելու պատրվակով կապ են հաստատում քաղաքացիների հետ, որից հետո այցելում են վերջիններիս բնակարաններ։ Բնակարաններում անմիջական շփման ընթացքում զեղծարարները, մոլորեցնելով քաղաքացիներին, հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին, այնուհետև ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցումը, նույնականացումը և ինքնության հեռավար ստուգումը (այդ թվում՝ դեմքի նկարահանման միջոցով):

Արդյունքում՝ առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին:

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու նպատակով առնվազն.

  • Ստուգե՛ք Ձեզ այցելած «աշխատակիցների» ինքնությունը. ցանկացած ընկերության աշխատակից ներկայացած անձից պահանջեք այդ ընկերության աշխատակից լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր և/կամ կապ հաստատեք տվյալ ընկերության հետ՝ օգտվելով վերջինիս պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներից։
  • Մի՛ տրամադրեք փաստաթղթեր (ներառյալ՝ անձը հաստատող), անձնական և բանկային տվյալներ. այլ անձանց մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ SMS-ով ստացված մեկանգամյա հաստատման կոդերը (OTP), անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերը։
  • Թույլ մի՛ տվեք այլ անձանց Ձեր տվյալներով գրանցումներ անել. մի՛ թույլատրեք, որ այլ անձինք Ձեզ անծանոթ/անհասկանալի և ոչ հասանելի հարթակներում (հատկապես Ձեզ չպատկանող սարքավորումներով) օգտագործեն Ձեր անձնական տվյալները, լուսանկարեն/տեսանկարահանեն Ձեր դեմքը։
  • Կասկածելի իրավիճակի կամ հնարավոր զեղծարարության դեպքում անհապաղ կապ հաստատե՛ք համապատասխան բանկի հետ՝ արգելափակելու բանկային հավելվածները կամ բանկային հաշիվներով գործարքները, ինչպես նաև դիմե՛ք իրավապահ մարմիններին։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: