ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից

08.08.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝

  • Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների (այդ թվում՝ սոցիալական ցանցերում) միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ, ներկայանում են որպես ֆինանսական հաստատության աշխատակից, պահանջում են իրենց տրամադրել անձնական և բանկային տվյալներ (անձնագրային տվյալներ, գաղտնաբառեր, բանկային քարտի թվեր, հեռախոսահամարին և/կամ էլեկտրոնային փոստին ուղարկված PIN կոդեր կամ նույնականացման այլ կոդեր/տվյալներ), որի շնորհիվ հնարավորություն են ստանում տիրանալ քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
  • Զեղծարարները կեղծ նամակների (աշխատանքի առաջարկներ, կեղծ նամակների/փաթեթների վերաբերյալ հաղորդագրություններ, խոշոր շահումների և տարբեր հարթակներում քաղաքացիների կողմից տեղադրված գույքը գնելու ցանկության վերաբերյալ կեղծ առաջարկներ) միջոցով քաղաքացիներին ուղարկում են հղումներ, տարբեր շփոթեցնող հնարքներ կիրառելով դրդում են, որպեսզի քաղաքացիներն անցնեն նշված հղմամբ և լրացնեն իրենց անձնական/բանկային տվյալները, ինչի արդյունքում փորձում են տիրանալ քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է լինել զգոն և ոչ մի դեպքում որևէ անձի չտրամադրել (այդ թվում՝ ֆինանսական հաստատության հեռախոսահամարից կամ հեռախոսահամարին մոտ այլ համարից ստացված զանգերի պարագայում) անձնական և բանկային որևէ տվյալ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: