«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցի մասին

Հայտարարություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Թույլ տրված խախտումը
Գործող իրավակարգավորումների համաձայն.
1. Սպառողական վարկերի վերաբերյալ որևէ գովազդ, որը պարունակում է տոկոսների չափի կամ կրեդիտի տրամադրման վերաբերյալ որևէ այլ վճարի կամ ծախսի վերաբերյալ նշում, պետք է ներառի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ սպառողների համար ողջամիտ ձևով հասու դարձնել տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ներկայացվում է դրա հաշվարկման օրինակը:
2. Սպառողական վարկերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր չպետք է լինի շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող:
3. Վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպության կողմից տեղեկություններ հրապարակելիս տեղեկատվությունը ներկայացվում է ժամանակին և ամբողջական (բավարար չափով` ըստ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված համապատասխան պահանջների):
4. Էլեկտրոնային միջոցներով հրապարակվող գովազդը պետք է պարունակի հղում գովազդվող վարկատեսակը նկարագրող՝ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպության համապատասխան ինտերնետային էջին:

Նշված կարգավորումների նպատակը Հայաստանի Հանրապետությունում սպառողական կրեդիտավորման պայմանագրերի կողմ համարվող կամ սպառողական կրեդիտավորումից օգտվելու ցանկություն ունեցող սպառողների իրավունքների պաշտպանությունն է և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող հեռակա վերահսկողության շրջանակներում արձանագրվել է, որ.

1. Շանթ ռադիոալիքում 2025 թվականի դեկտեմբերից 2026 թվականի փետրվար ամիսներին և Radio Aurora և Kiss FM ռադիոալիքներում 2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի փետրվար ամիսներին հեռարձակված «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) մի շարք սպառողական վարկատեսակների վերաբերյալ ռադիոգովազդները չեն ներառում տեղեկություններ վարկատեսակների տարեկան փաստացի տոկոսադրույքի չափերի մասին, մինչդեռ դրանք պարունակում են կրեդիտի տոկոսների չափի և/կամ տրամադրման վճարների մասին նշումներ (օր.՝ վարկերը տրամադրվում են առանց ամսական սպասարկման վճարների, տրամադրման միջնորդավճարների և ապահովագրության վճարների):
2. Ավտովարկերի տրամադրման կամ այդ վարկերի Ընկերություն տեղափոխման վերաբերյալ տեղեկատվություն Սպառողներին Ընկերության սոցիալական ցանցի էջով տրամադրելիս Ընկերության կողմից չի ներկայացվել տեղեկություններ վարկատեսակների տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի մասին, մինչդեռ տրամադրված տեղեկատվությունը պարունակել է տոկոսների չափի և կրեդիտի տրամադրման վճարների մասին նշումներ (օր.՝ «վարկի տոկոսադրույքը 17% է, ամսական սպասարկման վճարը՝ 1.5%»):
3. Ընկերության կողմից տրամադրվող մի շարք սպառողական վարկատեսակների վերաբերյալ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված որոշ հրապարակումներ չեն ներառել տեղեկություններ վարկատեսակների տարեկան փաստացի տոկոսադրույքի չափերի մասին, մինչդեռ դրանք պարունակել են կրեդիտի տրամադրման վճարների մասին նշումներ (օր.՝ «վարկերը տրամադրվում են առանց ամսական սպասարկման, տրամադրման և ապահովագրության վճարների»), ինչպես նաև որոշ հրապարակումներ չեն պարունակել հղում գովազդվող վարկատեսակները նկարագրող Ընկերության ինտերնետային էջերին:

Խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցը
Խախտումները թույլ տալու համար Ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 1.5 միլիոն (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ
Ընկերությունը ձեռնարկել է համապատասխան գործողություններ և վերացրել է թույլ տված խախտումները՝ իր կողմից իրականացվող գովազդները և բացահայտվող տեղեկատվությունը համապատասխանեցնելով օրենսդրության պահանջներին:

Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը
03/07/2026