ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել են Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղի ունեցած զանգի հնչեցման արարողությանը՝ նվիրված Lion Finance Group-ի ընդգրկմանը FTSE 100 ինդեքսում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Lion Finance Group-ի, Ամերիաբանկի և Bank of Georgia-ի ղեկավար կազմերը Լոնդոնում մասնակցել են Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման հանդիսավոր արարողությանը, որով նշանավորվել է Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ որպես Lion Finance Group-ի (LFG)-ի մաս:
Ամերիաբանկը՝ որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։
Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը ֆինանսական աշխարհում խորհրդանշական նշանակություն ունեցող ավանդույթ է, որը միավորում է ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, ներդրողների և ոլորտի այլ հիմնական դերակատարների։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, հանդես գալով ելույթով, ընդգծել է միջոցառման կարևորությունը՝ նշելով, որ նման ձեռքբերումները վկայում են տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների զարգացվածության և միջազգային ինտեգրման բարձր մակարդակի մասին։
Այցի շրջանակում հայկական և վրացական պատվիրակության ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, որտեղ հանդիպել են արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վարուժան Ներսեսյանի հետ։