2026 թվականը՝ Հայաստանում ֆինանսական կրթման ծրագրի անցումային և առանցքային տարի
Կայացավ Ֆինանսական կրթման ծրագրի հանձնաժողովի 30-րդ նիստը
Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը ունի նոր նախագահ՝ ԿԲ խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։
Հանձնաժողովի առաջին նիստը Արմեն Քթոյանի նախագահությամբ կայացավ առցանց ձևաչափով՝ միավորելով պետական կառույցների, նախարարությունների, ֆինանսական համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և ոլորտի այլ գործընկերների։
Հանձնաժողովի նախագահն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ 2026 թվականը ֆինանսական կրթման ծրագրի համար առանցքային և անցումային տարի է, քանի որ մեկնարկում է ծրագրի նոր՝ 2027–2031թթ. փուլի ձևավորման գործընթացը։ ԿԳՄՍ նախարարության նախարարի տեղակալ, ՖԿԾ Հանձնաժողովի համանախագահ Արաքսյա Սվաջյանն իր հերթին ընդգծեց, որ ֆինանսական կրթության զարգացումը կարևոր է ոչ միայն աշակերտների և երիտասարդների, այլ նաև մեծահասակների համար՝ կարևորելով կյանքի բոլոր փուլերում ֆինանսական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը։
2026 թվականի հիմնական շեշտադրումները
- ֆինանսական կրթման ծրագրի թարմացում և նոր 5-ամյա փուլի մշակում,
- առավել թիրախավորված, խնդրակենտրոն մոտեցումների կիրառում,
- ֆինանսական կրթության էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական իրականացում,
- առցանց կրթության և իրազեկման շարունակական ապահովում՝ ABCFINANCE.am հարթակի միջոցով,
- միջազգային համագործակցության ընդլայնում, այդ թվում՝ OECD, ԵԱՏՄ և Alliance for Financial Inclusion շրջանակներում,
- 2026 թվականին Հայաստանում նախատեսվող միջազգային այցեր և համագործակցային միջոցառումներ։
Ամփոփվեցին նաև 2026թ. առաջին եռամսյակի արդյունքները
Նիստի ընթացքում ներկայացվեցին տարվա առաջին եռամսյակում իրականացված ֆինանսական կրթման նախաձեռնությունները։ Ելույթներով հանդես եկան Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, DSIK-ի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչները։
Առաջին եռամսյակը եղել է ակտիվ և հագեցած․
- ~5,500 անմիջական մասնակից՝ միջոցառումներին
- 1,900,000 դիտում՝ սոցիալական ցանցերում
- 12 ֆինանսական կրթման ծրագրեր և միջոցառումներ
- ~20,000 անուղղակի ներգրավված մասնակից
- ~500,000 առցանց լսարան
- 2 նոր ներգրավման նախաձեռնություն
- 1 միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություն
Հաջորդ քայլերը
Առաջիկայում հանձնաժողովը շարունակելու է ակտիվ համագործակցությունը՝ ապահովելու համար, որ 2027–2031թթ. Ֆինանսական կրթման ծրագրի նոր փուլը ձևավորվի որպես թիրախակենտրոն, արդյունավետ և ժամանակակից ռազմավարություն, որը կարտացոլի շահառուների իրական կարիքները և միջազգային լավագույն փորձը։